Anahit's 7 Banned Ingredients | Nairian
Shopping cart
Items: 0
Newsletter
STAY CONNECTED
Sign up for our newsletter to find out about new releases, promotions, natural beauty tips, and other surprises!
Anahit's 7 Banned Ingredients
11 April, 2018 / by Maya Adivi
I asked Anahit which ingredients she would never, ever apply to her own skin, or use in her own formulas. This is a list of some of the potentially toxic ingredients we do not use in our all-natural, made in Armenia cosmetics.

Նաիրիանի համահիմնադիր ու գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը գործ ունի ընկերության բուն էության՝ կոսմետիկական բանաձեւերի ստեղծման հետ: Մեր յուրաքանչյուր ապրանք, որը կկիրառեք ձեր դեմքին կամ մազերին, մանրակրկիտ ուշադրությամբ պատրաստել է նա եւ մեր քիմիկոսների թիմը:

Նաիրիանում նրա վճռորոշ դերակատարության պատճառով էլ ցանկացա հարցնել Անահիտին, թե ինչն է, ըստ նրա, ամենից կարեւորը, որ պետք է հիշել՝ բնական կոսմետիկայի բանաձեւ մշակելիս:

Անահիտի համար խիստ կարեւոր է օգտագործել որքան հնարավոր է քիչ սինթեզված բաղադրիչներ, եւ բոլորովին խուսափել այն բաղադրիչներից, որոնք կարող են հնարավոր վնաս հասցնել, բաղադրիչներ, որոնցով, ցավոք, հարուստ են շուկայում ներկա բազմաթիվ ապրանքանիշերի բանաձեւեր:

Ես հարցնում եմ, թե որ բաղադրիչները նա երբեք, երբե՛ք չի կիրառի իր մաշկին կամ գործածի իր բանաձեւերում: Ահա դրանք.

1) Արհեստական բույրեր, ֆտալատներ, DBP (դիբուտիլ ֆտալատ), DEP (դիէթիլ ֆտալատ)

«Մեր մարմինն իսկապես արագ է արձագանքում հոտերին: Երբ մենք առնում ենք մեր սիրելի ուտելիքի հոտը, մեր բերանի խոռոչում արագորեն սկսում է թուք կուտակվել: Մեր հոտառական համակարգը սովոր է բնական բույրերին եւ գիտի, թե ինչպես արձագանքել դրանց: Մինչդեռ բազմաթիվ արհեստական բույրեր կազմված են այնպիսի մոլեկուլներից, որոնք գոյություն չունեն բնության մեջ եւ ստեղծված են լաբորատորիայում»: Քանի որ հոտառական համակարգը շատ արագ է արձագանքում նաեւ արհեստական հոտերին, մարդկանց մոտ կարող է բացասական հակազդեցություն սկսվել, օրինակ՝ գլխացավ, գլխապտույտ կամ սրտխառնոց:

Նա հավելում է. «Բազմաթիվ արհեստական բույրերում կան ֆտալատներ, որոնք ներզատիչ համակարգի (էնդոկրին) խանգարիչներ են: Դրանք միջամտում են մեր էնդոկրին համակարգին[1] եւ խախտում մեր հորմոնների հավասարակշռությունը»: Ֆտալատները, որոնք գործածությունը արգելված է մանկական խաղալիքներում, առնչվում են մի շարք հնարավոր վտանգների, որոնցից են վերարտադրողական խանգարումները եւ կրծքի քաղցկեղը: Իհարկե, կոսմետիկայում գործածվող ֆտալատների քանակը սովորաբար շատ փոքր է, այդուհանդերձ, դրանց ընդհանուր հնարավոր ազդեցություններն առանձնապես ուսումնասիրված չեն, եւ մենք նախընտրում ենք ռիսկի չդիմել:

Փնտրեք ֆտալատներից եւ արհեստական հոտերից ազատ խնամքի միջոցներ, ավելի ճիշտ՝ ոչ արհեստական եւ եթերայուղի հիմքով բնական բույրեր:

2) Պարաբեններ. մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն եւ բութիլպարաբեն

Պարաբեններն ամենից հաճախ կիրառվող կոնսերվանտներն են կոսմետիկական արտադրանքում: «Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ լաբորատոր պայմաններում պարաբեններն արագացնում են քաղցկեղի բջիջների աճը, հատկապես կրծքի քաղցկեղի դեպքում: Մենք չենք կարող ասել, որ դրանք քաղցկեղ են առաջացնում, սակայն եթե ինչ-որ մեկը ռիսկային խմբում է կամ նրա մոտ արդեն իսկ ախտորոշվել է այդ հիվանդությունը, ապա պարաբենները կարող են սրել վիճակը»,- ասում է Անահիտը:

«Պարաբենների հետ աշխատող գիտնականները հակված են պաշտպանելու դրանք՝ ասելով, որ պարաբենները գոյություն ունեն բնության մեջ բազմաթիվ մրգերում: Այդուհանդերձ, երբ մենք սպառում ենք մրգերը, պարաբենների քանակը դրանցում աննշան է: Կոսմետիկայի միջոցով ժամանակի ընթացքում մարմինը յուրացնում է նշանակալի քանակությամբ պարաբեններ»:

3) Ֆորմալդեհիդ դոնորներ՝ Quaternium-15, Imidazolidinyl urea, Diazolidinyl urea, DMDM hydantoin

2015-ին Ամերիկյան կոնտակտային մաշկաբորբի ընկերությունը (American Contact Dermatitis Society) հայտարարեց ֆորմալդեհիդը որպես տարվա ալերգեն: Ֆորմալդեհիդ դոնորները կոնսերվանտներ են, որոնք ժամանակի ընթացքում արտադրում են ֆորմալդեհիդ։ Երբ խնամքի միջոցը թարմ է, այն անվնաս է, սակայն երբ այն որոշ ժամանակ դրված է պահարանում, ֆորմալդեհիդի տոկոսը դրանում աճում է: Այսինքն՝ որոշ ժամանակ անց, հավանական է, որ ձեր կոսմետիկան առաջացնի այնպիսի հետեւանքներ, ինչպիսին կոնտակտային մաշկաբորբն է:

«Դուք կարող եք օգտագործել դրանք ամիսներով եւ կարծել, թե որակը նորմալ է, եւ եթե հանկարծ ռեակցիա առաջանա, դուք չեք հասկանա բուն պատճառը»:

Ավելին, ֆորմալդեհիդը համարվում է հնարավոր քաղցկեղածին: Թեեւ ֆորմալդեհիդ դոնորներ պարունակող կոսմետիկան ոչ պարբերական օգտագործման դեպքում ռիսկային չէ, դրա շարունակական եւ երկարաժամկետ գործածումը կարող է հարուցել լուրջ հետեւանքներ, ուստի մենք նախընտրում ենք ընդհանրապես խուսափել հնարավոր վտանգից:

4) Տրիկլոզան

Տրիկլոզանը հակաբիոտիկ է եւ չափազանց հաճախ կիրառվում է հիգիենիկ միջոցներում՝ օճառներում, ատամի մածուկներում եւ կորյակներից պաշտպանող միջոցներում: Անահիտն ասում է. «Տրիկլոզանը չի տարրալուծվում մեր օրգանիզմում եւ, վերջին հաշվով, հայտնվում է մեր ջրային աղբյուրներում ու քանի որ չի զտվում զտիչ համակարգերի միջով, ինչ-որ պահի հայտնվում է մեր խմելու ջրի բաժակում»: Այն մեծ վնասներ է բերում ջրային աշխարհին:

Անահիտը հավելում է. «Տրիկլոզանը մանրէների հանդեպ դիմացկունություն է ձեւավորում, նաեւ ալերգեն է, կան նաեւ քաղցկեղածին տարրերի ռիսկեր»: Հետաքրքիրն այն է, որ տրիկլոզանը խոշոր առումով ավելորդ է․ լավ բանաձեւ ունեցող մաքրող միջոցը հրաշալիորեն կարող է հեռացնել այնքան մանրէ, որքան տրիկլոզանը ոչնչացնում է, եւ փոխարենը կարող է պարունակել թեթեւ հակամանրէային բաղադրիչներ, որոնք, օրինակ, կպայքարեն կորյակների դեմ, առանց հակաբիոտիկների դեմ դիմացկունություն առաջացնելու»:

5) Հանքային յուղեր, հեղուկ պարաֆին, վազելին

Հանքային յուղը կրիչ յուղ է, այն իր մեջ կարող է պարունակել խնամքի միջոցի բոլոր ակտիվ բաղադրիչները: «Ես չեմ գործածում այն գլխավորապես բնապահպանական նկատառումներով, քանի որ այն նավթային ծագում ունի: Սովորաբար այն հանդիսանում է բուսական ծագման յուղի էժան փոխարինող, իսկ բուսական յուղն իր մեջ պարունակում է ճարպաթթուներ, ֆլավոնոիդներ, սնուցիչներ, վիտամիններ»:

Այնուհետեւ Անահիտը հավելում է, որ. «այն չի թափանցում մաշկի մեջ ու փակում է ծակոտիները, ուստի օգտակար է կարճաժամկետ կիրառել վերքերին, սակայն մաշկին ամենօրյա կիրառման դեպքում այն վերջնականապես խախտում է անդրմաշկային ջրի կորուստը (transepidermal water loss) կարգավորող պատնեշը, եւ չորացնում է մաշկը: Մաշկն ունի հրաշալի կարգավորող մեխանիզմ եւ սովորաբար այսպիսի ուժեղ փակող հանքայինյուղը խախտում է այն»:

6) Արհեստական ներկեր. p-phenylenediamine եւ «CI+հնգանիշ թիվ» ցանկի գույներ

Բազմաթիվ արհեստական գույներ ունեն քարածխային ծագում եւ գոյություն ունեն բազմաթիվ կանոններ, թե ինչպես սահմանափակել դրանց քանակությունը կոսմետիկայում, քանի որ կարող են լինել քաղցկեղածին: «Ecocert» ստանդարտով պատրաստված կոսմետիկան չի կարող պարունակել որեւէ արհեստական ներկ: Իրականում այդ ներկերն ավելորդ են: Թերթաքարից կամ երկաթի օքսիդներից ստացվող միներալային ներկերը շատ ավելի լավն են. Դրանք մեծ չափի մոլեկուլներ են. չեն թափանցում մաշկի մեջ, եւ լիովին անվնաս են ամենօրյա դիմահարդարման համար:

7) Ֆենոքսիէթանոլ

Ֆենոքսիէթանոլը կոնսերվանտ է, որը կիրառում են բազմաթիվ ընկերություններ՝ խուսափելով մյուս կոնսերվանտների՝ պարաբենների հնարավոր վտանգներից: Այս կոնսերտվանտի ուսումնասիրման արդյունքներն այդքան էլ համոզիչ չեն, ուստի սերտիֆիկացնող բազմաթիվ ընկերություններ՝ ներառյալ «Ecocert»-ը, հրաժարվում են սերտիֆիկատ տրամադրել ֆենոքսիէթանոլ պարունակող ապրանքներին:

Անահիտը բացատրում է. «Ես իմ բանաձեւերում չեմ կիրառում ֆենոքսիէթանոլ, քանի որ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ այն ռիսկային է, կարող է առաջացնել կոնտակտային մաշկաբորբ, եւ առնչվում է նաեւ վերարտադրողականության խանգարմանը:

Ամփոփիչ մտքեր

Քանի որ նշված բաղադրիչներից շատերը հանդես են գալիս տարբեր կազմություններում եւ դժվար է հիշել դրանց անունները, Անահիտը նախընտրում է «չի պարունակում…» ձեւակերպումը: Բաղադրիչների ցանկը «սանրելու» փոխարեն (իմ մեթոդը) հաճախորդը կարող է հեշտորեն տեսնել, որ իրեն անհանգստացնող բաղադրիչներն արտադրանքի կազմության մեջ չկան: Այնուամենայնիվ, նա զգուշացնում է, որ բազմաթիվ ընկերություններ, կիրառելով «չի պարունակում…» ձեւակերպումը, կարող են շեղել հաճախորդի ուշադրությունը օգտագործվող բաղադրիչներից: Ասելով, որ տվյալ արտադրանքը “չի պարունակում ֆորմալդեհիդ», նրանք կարող են գործածել այլ վնասական բաղադրիչներ, ինչպիսիք՝ պարաբենները կամ ֆտալատներն են, եւ հակառակը:

Մի շարք այլ բաղադրիչներ կան, որոնցից խուսափում ենք ՆԱԻՐԻԱՆ-ում, քանի որ դրանք պարզապես օգտակար չեն եւ մեծ հավանականություն կա, որ կարող են բորբոքում առաջացել: Օրինակ՝ նատրիումի լաուրիլսուլֆատը (sodium lauryl sulfate) եւ պրոպիլեն գլիկոլը (propylene glycol): Մենք խուսափում ենք նաեւ սկրաբում կիրառել պլաստիկ մանրահատիկներ, քանի որ դրանք չեն տարրալուծվում եւ մեծ վնաս են բերում բնությանը:

Իսկ դուք ի՞նչ բաղադրիչներից եք փորձում խուսափել: Մեզ տեղյակ պահեք՝ թողնելով մեկնաբանություններ մեր ֆեսբուքյան էջում: Կարող եք նաեւ գրել ինձ maya.adivi@nairian.com հասցեով:

Հավելյալ տեղեկությունները՝ Պարաբեններ. http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/18484575

Ֆորմալդեհիդ դոնորներ. http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20136876

Տրիկլոզան. http://davidsuzuki.org/issues/health/science/toxics/chemicals-in-your-cosmetics---triclosan/

[1] Էնդոկրին կամ ներզատիչ համակարգը բաղկացած է ներզատիչ գեղձերից: Դրանք այն օրգաններն են, որոնք արտադրում և արյան մեջ արտազատում են կենսաբանական ակտիվ նյութեր՝ հորմոններ։

STAY CONNECTED
Sign up for our newsletter to find out about new releases, promotions, natural beauty tips, and other surprises!