Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Բաղադրիչներ
Մեր արտադրանքը պատրաստվում է ձեռքով՝ բարձրորակ եթերայուղերի, բուսական յուղերի եւ բույսերի մզվածքների կիրառմամբ: Մեր բանաձեւերում ներառված յուրաքանչյուր բաղադրիչ օժտված է բուժիչ ու մաշկին օգտակար բացառիկ հատկություններով: Այս բաժնում կարող եք ծանոթանալ մեր բոլոր՝ հատուկ ընտրված բաղադրիչներին:
ԿՈՐԻԶԱՅՈՒՂԵՐ
Արեւածաղկի յուղ
Արեւածաղկի յուղը (Helianthus annuus), որը մենք գործածում ենք ՆԱԻՐԻԱՆ-ում, թեթեւ է եւ բազմակողմանիորեն օգտակար: Այն վերականգնում է մաշկի առողջությունը` շնորհիվ այն եղանակի, որը մենք կիրառում ենք այս յուղը ստանալիս, այն է՝ սառը ճզմման մեթոդը։ Այն հնարավորություն է տալիս ամբողջությամբ պահպանել արևածաղկի սերմերում առկա սնուցիչ նյութերը: Այս յուղը բացառիկ է և օգտակար բոլոր, անգամ ամենից նուրբ եւ զգայուն մաշկի տեսակներին:
Չիչխանի յուղ
Անուշաբույր չիչխանը կովկասյան տարածաշրջանում հայտնի է որպես ձմեռային բուժիչ հատապտուղ: Մաշկը բարելավող, հակատարիքային հարուստ բաղադրությամբ չիչխանի յուղն արագորեն երիտասարդության փայլ է հաղորդում հասուն եւ չոր մաշկին:
Մասուրի կորիզայուղ
Մասուրի (Rosa rubiginosa) կորիզներից ստացվում է թեթեւ, հոսուն յուղ, որն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին: Հակատարիքային եւ սպիացած հետքերն անհետացնող, բետա-կարոտինով եւ տրետինոինով հարուստ մասուրի կորիզի յուղը պարունակում է նաեւ բացառիկ ճարպաթթվային խումբ, որի շնորհիվ այն երբեք գրգռում չի առաջացնում: ՆԱԻՐԻԱՆ-ում մենք գործածում ենք այս բնական բաղադրիչը յուղոտ մաշկի համար նախատեսված եւ մաշկի վաղահաս ծերությունը կանխող խնամքի միջոցներում, ինչպես նաեւ մազապարկիկներն ամրացնող շիճուկում:
Ժոժոբայի յուղ
Թեթեւ ու ընկուզահամ ժոժոբայի յուղը ցանկացած տեսակի մաշկի համար նախատեսված փափկացնող եւ պաշտպանող հրաշալի բաղադրիչ է. այն կանխում է մաշկի խոնավության կորուստն ու հանգստացնում է գրգռվածությունը:
Ծիրանի կորիզի յուղ
Ծիրանի կորիզի սքանչելի յուղը լեցուն է մաշկի ծերացման առաջին նշանները կանխող միացություններով եւ միաժամանակ հանգստացնում ու խոնավացնում է մաշկը: Այն հոյակապ յուղ է հասուն, զգայուն կամ չոր մաշկի համար:
Նռան կորիզի յուղ
Նռան կորիզի ճոխ սաթե յուղը անզուգական բաղադրիչ է՝ պռնկեպռունկ լեցուն երիտասարդությունը պահպանող բնական միացություններով: Կորիզայուղի հակաօքսիդիչ եւ խոնավացնող հատկանիշները օգտակար են մաշկի բոլոր տեսակներին, եւ այն հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փնտրում են արդյունավետ հակատարիքային լուծումներ:
Նշի յուղ
Նշի յուղը նուրբ եւ մեղմ խոնավացնող է՝ հարուստ մաշկը պաշտպանող E վիտամինով եւ ամրացնող ճարպաթթուներով: Այն գերազանց բաղադրիչ է դեմքի նորմալ եւ չոր մաշկի, ինչպես նաեւ մարմնի համար:
Խաղողի կորիզի յուղ
Խաղողի կորիզի յուղը՝ լինելով ամենից թեթեւ յուղերից մեկը, հրաշալիորեն խոնավացնում է յուղոտ եւ զուգակցված տեսակի մաշկը, թուլացնում է յուղային փայլն ու բորբոքումները:
ԵԹԵՐԱՅՈՒՂԵՐ
Հասմիկի եթերայուղ
Հասմիկի ծաղկաբույրը կարող է ձեր օրը պայծառությամբ լցնել, մինչ յուղի հակաօքսիդիչ հատկությունները կարող են ձեր մաշկը երիտասարդ պահել երկար տարիներ: Այս եթերայուղը ստացվում է հասմիկի նուրբ ծաղկից, որը բնիկ է Հնդկաստանում եւ այնտեղ հայտնի է որպես այուրվերդիկ բուժամիջոց:
Կիտրոնի եթերայուղ
Արեւափայլ ու օրգանական կիտրոնի եթերայուղը մածող բաղադրիչ է, որը կատարյալ է յուղոտ, համակցված եւ կորյակների հակված մաշկի համար: Այն կարող է հեռացնել հավելյալ յուղը՝ միաժամանակ մաքրելով մաշկը:
Հազարատերեվուկի եթերայուղ
Թռչնափետուր հիշեցնող տերեւներով այս ծաղկի բաց դեղնագույն ծաղկագլխիկներում պարունակվում է սուր ու քաղցր հոտով բուժիչ եթերայուղ, որը մենք ստանում ենք ջրային թորման եղանակով:
Վարդարմավի եթերայուղ
Վարդարմավից ստացվում է քաղցրահամ, ծաղկային ու վարդի բույրը հիշեցնող եթերայուղ: Այն բացառիկ հավելում է հակակորյակային խնամքի միջոցներին, քանի որ քողարկում է մաշկի բծերն ու սպիացած հետքերը:
Հռոմեական երիցուկի եթերայուղ
Հռոմեական երիցուկի հիասքանչ կապույտ եթերայուղը թուլացնում է մաշկի կարմրությունն ու հանգստացնում է զգայուն մաշկը կամազուլեն (Chamazulene) բաղադրիչի հարուստ պարունակության շնորհիվ: Իսկ ֆլավոնոիդների համալիր կազմությունը պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի վնասներից՝ արդյունավետ դարձնելով այս եթերայուղը հատկապես հակատարիքային խնամքի միջոցներում:
Կիտրոնախոտի եթերայուղ
Կիտրոնախոտից ստացվում է մածող, ցիտրուսային թարմ բույրով եթերայուղ: Այն ձգում է ծակոտիները եւ վերացնում մաշկի բորբոքումը, մարմնի վրա բշտիկների հետքերն ու տհաճ հոտերը:
Ներոլիի ծաղկաթերթիկների յուղ
Այս օրգանական եթերայուղը ստացվում է նարնջի նրբիկ ծաղկաթերթիկներից՝ ներոլիից: Ներոլիի ծաղկային եթերայուղը թե՛ հրաշալի հակաօքսիդիչ է, թե՛ պաշտպանում է մաշկը վաղահաս ծերացումից` կանխելով ամենատարբեր բորբոքումները:
Կիտրոնային ռեհանի եթերայուղ
Կիտրոնային համեղ ու թարմացնող բույրով այս ռեհանի եթերայուղը պարունակում է մաշկի բորբոքումը չեզոքացնող եւ մաշկը հանգստացնող միացություններ, որոնք կոչվում են տերպեններ, եւ որոնց շնորհիվ այս եթերայուղը հրաշալի ազդեցություն է թողնում յուղոտ եւ կորյակների հակված մաշկի վրա:
Նարդոսի եթերայուղ
Այս բուրավետ հրաշքն ավելին է, քան անուշաբույր եթերայուղը. նարդոսի յուղը մաշկի զորեղ տոնավորող է եւ ունի տերպենային կազմություն, որը բարելավում է զգայուն եւ կորյակների հակված մաշկը:
Մենթոլ
Մենթոլը անանուխից ստացվող տերպենն է: Դրա շնորհիվ են անանուխային եթերայուղերն ունենում թարմացնող բույր: Այս բնական բաղադրիչը հանգստացնում է ցավող մկանները եւ արթնացնում է զգացողությունները:
Վարդի եթերայուղ
Դամասկյան վարդի եթերայուղը մեր ամենից սիրված բաղադրիչներից է, քանի որ ոչ միայն աննման բույր ունի, այլեւ` զորեղ հակաօքսիդիչ հատկություններ: Յուղը հատկապես օգտակար է նրանց, ովքեր փնտրում են մաշկի հակատարիքային լուծումներ:
Ճանդակի եթերայուղ
Ճանդակի (սանդալ) կեղեւից ստացվում է տաք, փայտային ու քաղցր յուղ, որը նշանակալի օգտակարություն ունի հասուն մաշկի համար: Այս թանկարժեք յուղը հայտնի է որպես մաշկը ձգող ու պայծառացնող միջոց, ինչի շնորհիվ մաշկը ձեռք է բերում երիտասարդ եւ առողջ տեսք:
Վարդաբույր խորդենու եթերայուղ
Վարդաբույր խորդենու եթերայուղն իսկապես բազմակիրառելի է: Այն հակատարիքային ցանկալի բալասան է, կամ անհրապույր կորյակների բուժամիջոց, մի խոսքով՝ հրաշալի եթերայուղ, որի նուրբ ծաղկային բույրն անգամ օգտակար է:
Թարխունի եթերայուղ
Թարխունի եթերայուղը բնական հոտազերծիչ է, եւ հատկապես ընդունված է տղամարդկանց խնամքի միջոցներում: Մենք ստանում ենք այս բարկահամ յուղը Արագյուղում աճող թարխունի տերեւներից:
Դարչինի եթերայուղ
Դարչինի եթերայուղը ջերմացնում է հոգին եւ միաժամանակ պաշտպանում մաշկը: Այս եթերայուղն ունի բացառիկորեն հարուստ հակաօքսիդիչ բաղադրություն, ինչի շնորհիվ համարվում է արդյունավետ հակատարիքային բաղադրիչ:
Ուրցադաղձի եթերայուղ
Ուրցադաղձը եւ՛ բույր է, եւ՛ մաքրող ուժ, որը մեզ է տրամադրում թարմացնող ու մաքրող եթերայուղը:
Պաչուլիի եթերայուղ
Բնության հոտ հիշեցնող այս բուրավետ եթերայուղն արդյունավետ լուծում է բազմաթիվ խնդիրներ, որոնք բնորոշ են զգայուն եւ կորյակների հակված մաշկին: Եթերայուղի պաչուլիոլ բաղադրիչը թուլացնում է մաշկի կարմրությունը...
ՔԱՄՈՒԿՆԵՐ
Դեղատու եղեսպակի տերեւի քամուկ
Եղեսպակը Միջերկրական ծովի տարածաշրջանի բնիկ բույս է եւ հրաշալիորեն աճում է նաեւ մեր երկրում, որտեղ տարածված են եղեսպակի բազմաթիվ վայրի տեսակներ: Ունի նուրբ ու մի քիչ կծու համ: Համարվում է, որ եղեսպակի բույրը բարելավում է հիշողությունը:
Բարդու կեղեւի քամուկ
Բարդու (Populus tremuloides) կեղեւից ստացվող բնական քամուկ, որն արգելակում է մանրէների աճը կոսմետիկայում:
Վարունգի քամուկ
Վարունգի քամուկի օգտակար հատկությունները տարածվում են մաշկի բոլոր տեսակների վրա: Այն ձգող, թարմացնող, մաշկի փայլն ու յուղայնությունը նվազեցնող ու սնուցող բաղադրիչ է: Առավելագույնս օգնում է յուղոտ տեսակի մաշկին, բայց կարող է դրական ու հաճելի տեսք հաղորդել ցանկացած գունատ, ջրազրկված կամ թորշոմած մաշկի:
Վաղենակի ծաղկի քամուկ
Այս գեղեցիկ, դեղին ծաղկի քամուկը ներդաշնակում է մաշկի բոլոր տեսակներին, չնայած զգայուն, հասուն եւ կորյակների հակված մաշկի տեսակներին այն առավել օգտակար է` շնորհիվ մաշկը հանգստացնող ֆլավոնոիդների, կարոտինոիդների եւ սապոնինների հարուստ բաղադրության:
Սպիտակ ուռենու կեղեվի քամուկ
Այս զորեղ բաղադրիչը, որը ստանում ենք ՆԱԻՐԻԱՆ-ի փորձարարական պարտեզի ստվերախիտ ուռենուց, անփոխարինելի է ցանկացած հակակորյակային բանաձեւում, քանի որ դրանում առկա սացիլինն օգնում է հանգստացնել բորբոքումները:
ԽՈՆԱՎԱՑՆՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Մետաքսի սպիտակուց
Ջրատարրալուծված (հիդրոլիզված) մետաքսի սպիտակուցը (Hydrolyzed Silk Protein) ջրի մեջ երկար ժամանակ պահպանում է իր քաշը՝ բարելավելով մաշկի խոնավացման մակարդակը եւ հաղորդելով մետաքսե փափկության զգացողություն: Այս բաղադրիչը ստացվում է շերամի որդի բոժոժներից, երբ թիթեռն արդեն դուրս է եկել, հետեւաբար դրանով վնաս չի հասցվում բնությանը:
Պանթենոլ
Պանթենոլը (Panthenol (Pro-Vitamin B5)) կառուցվածքով նման է վիտամին B5-ին, ավելի ճիշտ՝ այն օրգանիզմում փոխակերպվում է վիտամին B5-ի: Պանթենոլը պարունակվում է հացաբույսերում, ձվի դեղնուցում, սնկերում: Պանթենոլն արդյունավետ խոնավացնող բաղադրիչ է, այն փափկացնում եւ խոնավացնում է մաշկը:
Կաթնաթթվային նատրիում
Կաթնաթթվային նատրիումը (Sodium Lactate) կաթնաթթվի չեզոքացված աղն է, որը բնականորեն առաջանում է մաշկում: Այն ոչ միայն խոնավացնում է մաշկը, այլեւ կարգավորում է մաշկի pH-ը, թուլացնում է կարմրությունը եւ մեծացնում մյուս սնուցիչների օգտակարությունը:
Ճակնդեղի շաքարի քամուկ
Գլիցին բետաին (Glycine Betaine) խոնավացնող բաղադրիչը ստացվում է ճակնդեղից: Այն խոնավություն գրավող եւ խոնավացնող հատկություն ունի, բայց ի տարբերություն գլիցերինի, այն շատ ավելի քիչ է կպչում: Գլիցին բետաինը նաեւ հանգստացնում է մաշկը եւ մեղմացնում բորբոքումը:
Բուսական գլիցերին
Բուսական գլիցերինը (Vegetable Glycerin) ստացվում է բուսական յուղերից՝ ջրատարրալուծման (հիդրոլիզի) արդյունքում: Գլիցերինը խոնավացնում է մաշկը եւ դրանով իսկ բարելավում մաշկի տեսքը՝ հաղորդելով փափկության ու ճկունության զգացողություն:
Հիալուրոնային թթու
Հիալուրոնային թթուն խոնավությունը պահպանող ամենից զորեղ բաղադրիչն է կոսմետիկայում: Մաշկում պահելով խոնավությունը՝ այն պայքարում է ջրազրկման դեմ եւ արագորեն բարելավում է հասուն, զգայուն կամ դժգույն մաշկի տեսքը: Այն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին:
ՊԱՀՊԱՆՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Դեհիդրոացետաթթու
Դեհիդրոացետաթթուն (Dehydroacetic Acid) օրգանական միացություն է, որը ոչնչացնում է մանրէներն ու սնկերը եւ հաճախ միակցվում է բենզիլ սպիրտի հետ՝ դառնալու ընդգրկուն պահպանող բաղադրիչ կոսմետիկայում: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար:
Բենզիլ սպիրտ
Բենզիլ սպիրտը (Benzyl Alcohol) oրգանական սպիրտ է, որը պարունակվում է բազմաթիվ մրգերի մեջ: Կանխում է մանրէների աճը կոսմետիկայում եւ երբ միակցվում է դեհիդրոացետաթթվի հետ՝ դառնում է ընդգրկուն պահպանող բաղադրիչ: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար:
Նատրիումի բենզոնատ
Նատրիումի բենզոնատը (Sodium Benzoate) բենզոաթթվի նատրիումական աղն է, որը բնականորեն պարունակվում է բազմաթիվ մրգերի եւ հատապտուղների մեջ: Այս բաղադրիչն արգելակում է մանրէների եւ սնկերի աճը կոսմետիկական բանաձեւերում: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար:
Նատրիումի լեվուլինատ
Աղից ստացվող այս բաղադրիչը լեւուլինաթթվի նատրիումական աղն է (Sodium Levulinate): Այն արգելակում է օդում բազմացող միկրոօրգանիզմների, այդ թվում նաեւ այն մանրէների եւ բորբոսի աճը, որոնք կարող են փոփոխության ենթարկել կոսմետիկական բանաձեւը: Միակցվելով նատրիումի անիսատին՝ դառնում է ընդգրկուն պահպանող բաղադրիչ կոսմետիկայում: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար եւ անվտանգ է համարվում EWG-ի (Environmental Working Group, «Բնապահպանական աշխատանքային խումբ», ԱՄՆ) կոսմետիկայի շտեմարանում:
Նատրիումի անիսատ
Սամիթից ստացվող այս բաղադրիչը պ-անիսոնաթթվի նատրիումական աղն է (Sodium Anisate): Այն կիրառվում է որպես հակասնկային միջոց եւ միակցվելով նատրիումի լեւուլինատին՝ դառնում է ընդգրկուն պահպանող բաղադրիչ կոսմետիկայում: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար:
Ակտիվ բաղադրիչներ
ՋՐԱԿԱԽՈՒՅԹՆԵՐ
Պատրինջի ջրակախույթ
Թեթեւ ու ցիտրուսային պատրինջի ջրակախույթը (հիդրոզոլ) մեղմացնող եւ ծակոտիները սեղմող՝ մածող հատկություններ ունի, հրաշալիորեն հանգստացնում է կորյակների հակված մաշկը եւ փոքրացնում է մաշկի ծակոտիները:
ԽՏԱՑՆՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
ՓԱՓԿԱՑՆՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
ԷՄՈՒԼՍԱՐԱՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Ցետեարիլ ձիթապտղային եւ սորբիտա ձիթապտղային
Ցետեարիլ ձիթապտղային եւ սորբիտա ձիթապտղայինը էմուլսարար համալիր բաղադրիչ է, որը ստացվում է ձիթապտղի յուղից եւ ներառում է ցետեարիլ սպիրտ եւ սորբիտոլ՝ շաքարային սպիրտ:
Նատրիումի ստեարոիլ լակտիլատ
Նատրիումի ստեարոիլ լակտիլատը կաթնաթթվային նատրիումից եւ ստեարինաթթվից ստացվող փոշին է: Այն էմուլսարար բաղադրիչ է՝ գրանցված բնական խնամքի միջոցներում թույլատրված բաղադրիչների ցանկում:
Ցետեարիլ սպիրտ
Ցետեարիլ սպիրտը բուսական ծագումով ճարպային սպիրտ է: Սենյակային ջերմաստիճանում պինդ է եւ ունի մոմանման տեսք: Ցետեարիլ սպիրտը, գլիցերիլ ստեարատը եւ նատրիումի ստեարոիլ լակտիլատը երեք բաղադրիչներ են, որոնք իրար են միացնում յուղային եւ ջրային բաղադրիչները` ինչպես քիմիայի մասնագետներն են ասում՝ յուղային ու ջրային ֆազաները եւ ապահովում են մեր բնական բանաձեւերի միատարրությունը:
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: