Ամառային խնամքն առանց դիմակի կամ դիմակով | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ամառային խնամքն առանց դիմակի կամ դիմակով
8 Հունիս, 2020 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Շատ տարօրինակ զգացողություններ ենք ապրում համավարակի օրերին, երբ առանց դիմակի օրը կարող ենք անցկացնել միայն մեր տանը եւ բակում: Օրինակ այն, որ հիմա աշխարհի կանանց ճնշող մեծամասնությունը հանրային վայրերում քողարկում է դեմքն ու մազերը, անկախ իր կրոնական եւ մշակութային պատկանելությունից: Հագուստները, զարդերն ու աքսեսուարները կորցրել են իրենց նախնական նշանակությունը եւ այժմ ավելի շատ մխիթարում, քան ուրախացնում են: Մինչդեռ մարմնի, մազերի եւ դեմքի խնամքի միջոցները շարունակում են մնալ պահանջված: Ո՞րն է գաղտնիքը:

Ամեն ինչ շատ պարզ է, մենք բնության մասնիկ ենք: Այն, ինչ փոփոխվում է, քաղաքակրթությունն է, եւ ոչ թե բնությունը: Ճիշտ է, այս տարի մենք չենք կարող վարդաքաղ ու ծաղկաքաղ կազմակերպել, բայց մեր դաշտերում շարունակում է ծաղկել դամասկյան վարդը, նարդոսը եւ մնացած բոլոր այն հրաշագործ բույսերը, որոնցից մենք ստանում ենք մեր խնամքի միջոցների բաղադրիչները: Եվ ինչպես բնությունը, այնպես էլ մեր մարմինը, շարունակում է ապրել, արարել եւ նաեւ հոգածության կարիք ունի:

Մաշկի «ինքնազգացողությունը» կտրուկ փոխվում է ամռանը: Հագուստը (սինթետիկ, արհեստական նյութերից պատրաստված նեղ հագուստը, ինչպես նաեւ կոշիկներն ու գուլպաները) կարող է հավելյալ քրտնարտադրություն հարուցել, բայց եւ խոչընդոտել քրտինքի գոլորշիացմանը, խթանել մանրէների բազմացմանը: Հակաքրտինքային միջոցների՝ ալյումինի աղեր պարունակող անտիպերսպերանտների կիրառումը կարող է բերել վտանգավոր հետեւանքների, քանի որ դրանք արհեստականորեն փակում են քրտնագեղձերը, իսկ ալյումինը ներթափանցում է մարմին: Կռնատակի խնամքի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Ինչպես ասում է մեր գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը՝ մենք չենք ցանկանում արտադրել հակաքրտինքային միջոց, քանի որ վստահ չենք, որ արժե միջամտել կամ ազդել մեր մարմնի բնական մաքրման մեխանիզմի վրա: Ուստի որպես ամառային խնամքի ամենակարեւոր բաղադրիչ՝ խորհուրդ ենք տալիս Նաիրիանի բնական՝ կիտրոնախոտի կամ նարդոսի եթերայուղերով դեզոդորանտները: Էթիլային սպիրտի պարունակության շնորհիվ դրանք նաեւ հրաշալի մանրէասպաններ են, եւ շատերը դրանք օգտագործում են հենց որպես ձեռքերի ախտահանիչներ, քանի որ չունեն գելային զանգված, օգտագործումից հետո ձեռքերը կպչուն չեն դարձնում։ Ի դեպ, մեր դեզոդորանտները, թեև նախապես դրա համար չեն նախատեսվել, բայց լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի Առողջապահության կազմակերպության սահմանած՝ ձեռքի ախտահանիչների ստանդարտին։

Ամռանը մեր մարմինն ավելի շատ է գտնվում դրսում: Անկախ նրանից, որ քաղաքային զվարճանքները պակասել են, մարմինը դուրս է ձգտում: Իսկ գյուղավայրերում ապրող կամ այս օրերին գյուղ կամ ամառանոց տեղափոխված մարդիկ (իսկ նրանք քիչ չեն) օրվա մեծամասնությունն անցկանցում են դրսում: Հողի հետ աշխատանքը այսօր նաեւ թերապեւտիկ նշանակություն է ձեռք բերել: Անձամբ ես, համակարգչի եւ հողի աշխատանքների համակցումից հետո շատ կարեւոր եմ համարում օրն ավարտել ձեռքերի խնամքով: Սկսել եմ կիրառել մեր նոր մանրէասպան պինդ քսուքը եւ «փոխնեփոխ» օգտագործում եմ զգայուն մաշկի համար Ձեռքի քսուքի հետ: Մանրէասպան պինդ քսուքի կոճապղպեղային (իրականում՝ ուրց, էվկալիպտ, թեյածառ) բույրը երեկոյան ժամի հոգնած մարմնիս հանգստություն է պարգեւում, իսկ ձեռքերս առավոտյան սնուցված եմ գտնում:

Այո, դեմքը նույնպես խնամքի կարիք ունի ցանկացած իրավիճակում, եւ դեմքի մաշկի ամառային խնամքի համար ոչ միայն մաքրող քսուքներն են կարեւոր, այլեւ՝ գունակարգավորողները:

Մեր CC քսուքները բազմանպատակ գունակարգավորող տոնային քսուքներ են։ Մաշկն արտաքնապես թեթեւ ծածկելուց բացի դրանք բարելավում են մաշկի արտաքին տեսքը եւ ողջ օրվա ընթացքում սնուցում են այն՝ պահելով թարմ և առողջ, նաև որոշակի պաշտպանություն են ապահովում արևի ճառագայթներից։ Մաշկի ծածկումն ապահովելուց զատ, դրանք ունեն պաշտպանական եւ սնուցիչ նշանակություն: CC քսուքների եւ տոնային քսուքների տարբերության մասին կարող եք իմանալ այստեղ:

Մաղթում ենք ձեզ քաջ առողջություն եւ շուտափույթ հանդիպում: Գրեք մեր ֆեյսբուքյան էջին նաեւ առցանց խորհրդատվության համար:








 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: