Պիտանի լինել հաղթանակին թիկունքում | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Պիտանի լինել հաղթանակին թիկունքում
4 Հոկտեմբեր, 2020 / Նաիրիան

Այս օրերին յուրաքանչյուրիս համար դժվար է: Հայաստանը մի ընտանիք է, որի սիրտը ճանապարհել ենք բանակ՝ երաշխավորելու մեր վաղվա օրը, անկախությունն ու պարզապես գոյությունը:

Ու թեև չենք կարողանում պոկվել հեռուստաէկրաններից ու սմարթֆոններից՝ սպասելով լուրերի, պատերազմական դրության ժամանակ ճակատից ոչ պակաս կարեւոր է թիկունքը:  Հայաստանը չի կարող ընդարմանալ ու քարանալ: Մեր լարվածությունը էներգիայի մեծ կուտակում է ստեղծում վիրտուալ տարածքներում: Մինչդեռ մեր կենսական էներգիան պետք է փորձենք օգտագործել մեր տանը, աշխատավայրում, ամեն մի բնակավայրում ու հասարակական կյանքում:
 

Որն է մեր առաքելությունը

Թիկունքում մենք նույնպես ունենք առաքելություն: Այս օրերին մեր բոլորի համախմբվածությունն ու օգնելու պատրաստակամությունը և՛ բնական է, և՛ ոգևորող։ Յուրաքանչյուրիս արած կամավորական գործը՝ մեծ կամ փոքր, անհրաժեշտ և կարևոր է։ Սակայն նույնքան կարևոր է, որ նման պահերին գործենք համակարգված՝ ավելորդ էներգիա չվատնելով։ Թիկունքը ունի ևս մեկ կարևոր առաքելություն․ մինչ մեր զինվորները կյանքի ու մահու կռիվ են տալիս առաջնագծին, մենք պետք է շարունակենք աշխատել՝ մեր մասնագիտական գործն անելով բարեխղճորեն ու որակով։ Շատ դժվար է կենտրոնանալ, կտրվել պատերազմի մտքից ու արարել, բայց պետք է ջանք գործադրենք ու թույլ չտանք, որ պատերազմը գամի մեզ տեղերում։ Մենք պիտի գործենք ու նույնիսկ ավելի լավ, քան երբևէ նախկինում։  Մեր երկրի տնտեսությունը պիտի աշխատի անխափան:
 

Պահպանենք սպառողական վարքը

Այսօր ոչ միայն մենք՝ քաղաքացիներս, այլեւ բիզնեսով զբաղվող գրեթե բոլոր կազմակերպություններն այս կամ այն կերպ փորձում են օգտակար լինել բանակին: Մենք պետք է շարունակենք որպես սպառողներ աջակցել բիզնեսներին, որպեսզի դրանք Հայաստանում շարունակեն իրենց նորմալ գործունեությունը: Եթե անհարմար եք զգում գնալ ձեր սիրելի սրճարան, կարող եք պատվեր կատարել այնտեղից: Եթե որոշել էիք անհրաժեշտ գնում կատարել, հապաղելու կարիք չկա: Գնացեք ատամնաբույժի, կոշիկ գնեք, շարունակեք խնամել ձեր մաշկը... Կատարեք գնումներ, խթանեք տնտեսության կայունությունը, քանի որ տնտեսապես կայուն պետությունն ամենից ապահով թիկունքն է:

Աջակցենք մեր հարազատներին, գործընկերներին, երեխաներին

Բոլորս էլ շատ զգայուն ենք այս օրերին ու կարող ենք ուշադրությունից կորցնել մեր սեփական երեխաներին կամ տարեցներին: Տանը եւ աշխատավայրում տրամադրության անկումը պարզապես անթույլատրելի է: Երեխաների հետ խոսելով պատերազմից՝ փորձենք պատասխանել նրանց բոլոր հարցերին եւ միաժամանակ թույլ չտանք, որ նրանց բնականոն առօրյան խաթարվի: Երեխան պետք է շարունակի ապրել իր մանկությունը։ Առհասարակ, արժե համարել, որ պատերազմական իրավիճակում յուրաքանչյուրը իր եւ իր հարազատների հոգեբանն է:
 

Պատրաստենք անվտանգության պայուսակ

Արտակարգ իրավիճակում պետության կողմից համակարգված օգնության համար պահանջվում է առնվազն 2-3 օր ժամանակ: Այդ օրերի համար պայուսակում պետք է լինեն առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ ջրի ու սննդամթերի որոշակի պաշար, փոխնորդ հագուստ, հիգիենայի պարագաներ, նաև կարևոր փաստաթղթերը, գումար, թանկարժեք իրեր: Խորհուրդ է տրվում ունենալ մարտկոցով աշխատող ռադիոընդունիչ, լիցքավորիչ: 

Օգտակար հղում

Արտակարգ իրավիճակների նախարարության «Հանրագիտարան» բաժնում ծանոթացեք քաղաքացիական պաշտպանության պաստառներին:

Սիրում ենք ձեզ ու Հաղթելու ենք

Նաիրիան թիմ

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: