Մինաս. եթե սիրում ես քո ընտանիքը | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Մինաս. եթե սիրում ես քո ընտանիքը
27 Հոկտեմբեր, 2020 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Նաիրիանի մեղվապահ Մինասը մի քանի օրով Արագյուղ է վերադարձել: Բայց մտքով էնտեղ է, զենքի ընկերների հետ: Պատերազմի առաջին օրերին կամավորագրվել է՝ անտեսելով առողջական հարցերը ու հենց Նաիրիանից էլ մեկնել առաջնագիծ: Տանը գլխի են ընկել ու տղաներին ուղարկել են հորը ճանապարհելու: Այդքանը: Մորն ու կնոջը հրաժեշտ չի տվել, որովհետեւ գիտեր, որ վերադառնալու է:

22 օր կռվի դաշտում է եղել. «Ես գիտակից եմ եղել, պատկերացրել եմ, թե ուր եմ գնում ու ինչի համար: Անակնկալի չեմ եկել, չեմ ափսոսացել, որովհետեւ էնտեղ զինվորի կողքին եմ եղել ու փորձել եմ օգտակար լինել»:

Մի բան իսկապես զարմացրել ու հուզել է Մինասին: Ասում է. «Մեր զինվորը, մեր ժամկետային զինծառայողները ուղղակի առյուծներ են, շատ ավելի հզոր են, քան նրանց մասին պատկերացում ենք: Զարմանք ու հիացմունք եմ ապրել. նման կռվողները հազվագյուտ երեւույթ են: Ամեն մեկը մի հրաշք է ու հրաշքներ է գործում: Մենք գնացել էինք, որ իրենց խրախուսենք ու իրենց կողքին լինենք, բայց ստացվում է, որ իրենք են մեզ գոտեպնդում իրենց պահվածքով»:

Մտքով էնտեղ է, որտեղ ընկերներն են: Զենքի ընկերն ուրիշ է: Մինասը ծառայել է 1998-2000 թվականներին: Զինծառայությունն անցկացրել է Ղարաբաղում. «Շատ եմ սիրել Ղարաբաղը: Իրենց համարձակությամբ տարբերվող ժողովուրդ են, տանջված ու հոգնած, որովհետեւ ինչ ասես տեսել են իրենց կյանքում: Էնտեղ ամեն երեխա էլ ուժեղ է: Ես իրենց ուժեղ մարդիկ եմ համարում»:

Պատանեկան երազանք է եղել Մինասի համար զենք բռնելը քաջ ֆիդայինների հետ, որոնց անունն անմահացած է 90-ականներից. «Բայց արի ու տես, որ լավ միտք չէր ու կատարվեց»:

«Այդ կանչը ամեն մեկը պետք է զգա իր ներսում: Եթե դու սիրում ես քո ընտանիքը, ուրեմն սիրում ես քո հայրենիքը: Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը մտնում է քո բակ ու գործողություններ է կատարում, որ քո սրտով չի: Նույնն էլ Արցախում է տեղի ունենում: Հիշենք Մոնթեի խոսքերը՝ եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»:

Մեկնելուց առաջ Մինասը հոգացել է մեղուների մասին, մեղուները պատրաստ են ձմեռելու: Բոլոր անհրաժեշտ բուժումներն արված են: Լուսանկարում եմ նրան իր փեթակների մոտ: Ասում է, որ շուտով իր տղան էլ է զորակոչվելու:

Տրամադրությունը բարձր է, մարտական: Ընկեր է կորցրել, ծանր վիրավոր հարազատ ունի, բայց ժպտում է ու հանգիստ է. «Մեր Արցախը մեր հողն է: Եթե հաշվենք, թե ինչքան զոհ ու կորուստ ենք տվել այս 30 տարվա ընթացքում, ստացվում է, որ ամեն քառակուսի մետրի վրա մի զոհ ենք տվել: Մենք էդ իրավունքը չունենք հենց այնպես թողնելու»:

Րոպե առաջ շտապում է առաջնագիծ: Բարի վերադարձ բոլոր քաջերին:


 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: