Ճերմակ գուլպաներ ու թաթմաններ արցախցի կանանցից եվ բուսական թեյ Նաիրիանի դաշտերից | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ճերմակ գուլպաներ ու թաթմաններ արցախցի կանանցից եվ բուսական թեյ Նաիրիանի դաշտերից
23 Դեկտեմբեր, 2020 / Նաիրիան

Երեւանի հին ու հյուրընկալ տներից մեկում ապաստանել ու աշխատանք են գտել արցախցի կանայք: Նրանք ժենգյալով հաց են թխում ու վաճառում տեղում,  նոյեմբերին նաեւ տաք գուլպաներ և թաթմաններ գործելու առաջարկ ստացան Նաիրիանից:

Մենք միշտ կարեւորել ենք սոցիալական նախաձեռնություններն ու դրանց մաս ենք կազմել: Այս անգամ էլ վստահ ենք, որ արցախցի կանանց ձեռքով գործած ճերմակ գուլպաներն ու թաթմանները մեր հաճախորդներին նվիրելով՝ մենք միմյանց փոխանցում ենք այս օրերին այդքան անհրաժեշտ սերը, ու ջերմությունն ու հոգածությունը:

Ինչ խոսք,  դրանք հասարակ չեն: Ընտրված նախշը բարդ է եղել, բայց հյուսք անող կանանց օգնող Գայանեին այդ փաստը չէր մտահոգել: Գայանեն գծել էր նախշի ստացման սեփական սխեման, ու մեր այցի պահին օգնում էր կանանց հմտանալու չորս շյուղով (թաթից) գուլպա գործելու մեջ: Հատուկ եմ նշում «թաթից», քանի որ կարծես թե ընտրված նախշը այլընտրանք չէր թողում ու ստիպել էր մեր կանանց իրենց սովորություններին հակառակ գործել: Ի դեպ, Գայանեի ձեռքի աշխատանքներին կարող եք ծանոթանալ իր և ընկերուհու ստեղծած էջում։

Այդ ընթացքում մի քանի ամսական Տիրանը սայլակում խաղաղ էր: Նրա մայրը՝ Անահիտը, Շուշիից է: Տիրանն ունի իրենից մեծ քույր ու եղբայր, որոնց մանկությունն անցել է Շուշիում: Տիրանին առայժմ մայրական սերը լիուլի բավական է,  իսկ գոհ ու ուրախ դեմքը վստահություն է ներշնչում, որ մանկությունն ապահով է անցնելու:

Կանանցից մյուսը՝ 67-ամյա Սուսանը, Հադրութի շրջանի Տումի գյուղից է: Հինգ երեխա ունի եւ հինգն էլ այս պահին ցաքուցիր են եղել՝ ասում է: Ով բարեկամի մոտ է, ով վարձով է ապրում կամ ապաստարանում: Ժպտերես կնոջ աչքերը տխրում են իր երեխաների մասին խոսելիս: Մեկը վատառողջ է, մյուսը զորամասից զորամաս տեղափոխվող զինվորական, այն մյուսն էլ Խծաբերդի նորակառույց տունը կորցրեց… ինքն էլ մնացել է առանց տուն ու տեղի, կորցրել գերեզմաններ… Տխրում ենք ու գոտեպնդում, որ ամենակարեւորը՝ երեխաների հետ մշտական կապի մեջ է ու չունի բնակության, աշխատանքի խնդիր, եւ շուտով երեխաների մոտ ամեն ինչ կարգավորվի: 

Ի՞նչն է կարեւոր այս պահին, որ տուն, հարազատ կամ առողջություն կորցրած մարդիկ շրջապատված լինեն խնամքով: Մենք յուրաքանչյուրս անելիք ունենք այս առումով:

Ուստի խորհուրդ կտանք նաեւ այցելել մեր բուտիկներ՝ խթանելու հայկական արտադրանքը: Իսկ 30,000 դր. եւ ավելի գնումների դեպքում կստանաք նվեր՝ գեղեցիկ ճերմակ գուլպաներ կամ թաթմաններ, որոնք գործել են հենց այս կանայք:

Իսկ եթե դրանք ձեզ այս պահին այդքան էլ անհրաժեշտ չեն, ապա նույն 30,000 դրամը գերազանցող բոլոր գնումների հետ կարող եք ընտրել այլ նվեր․ օրգանական բուսական թեյ Նաիրիանից։ Առաջարկում ենք երեք տարբերակ՝ «Անուշ քուն», «Դետոքս» և «Երիտասարդության փայլ»: Այս բուսական թուրմերից յուրաքանչյուրը խնամքով ընտրված բույսերի խառնուրդ է, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ նպատակի է ծառայում․ առաջինը հանգիստ ու վերականգնող քնի համար է (այնքա՜ն կարևոր գեղեցիկ մաշկի համար), երկրորդը ստամոքսը հանգստացնող ու մաքրող հատկություններ ունի, իսկ երրորդը հակաօքսիդիչ բույսերի մի ամբողջ փունջ է՝ ձեր մարմինը երիտասարդ ու տոկուն պահելու համար։ Որն էլ ընտրեք, կստանաք օրգանական բույսերի ուժն ու ու Արագյուղի մեր աշխատակիցների ձեռքի ջերմությունը։

Ուժ եւ միասնություն մեզ գալիք տարում՝ ի սեր հայրենիքի:

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: