Թեւատակի ամենօրյա խնամք. ուղեցույց | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Թեւատակի ամենօրյա խնամք. ուղեցույց
12 Մարտ, 2019 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Նաիրիանի Կիտրոնախոտի եթերայուղով դեզոդորանտը նոր բան է իմ կյանքում: Շուկայում դեռ նոր է թողարկվել այս կատարելապես բնական ու ալյումին չպարունակող դեզոդորանտը, ու ես շա՜տ հաճելիորեն զարմացա, երբ Երեւանի գրախանութներից մեկում էի եւ այնտեղ հայտնված գրքասեր հաճախորդներից մեկն իր շուրջն առատորեն սփռում էր ինձ համար նոր, բայց արդեն հարազատ Կիտրոնախոտի դեզոդորանտի բույրը: Այս գրառումը, սակայն, որոշել եմ նվիրել այլ թեմայի՝ թեւատակի ամենօրյա խնամքին:

Կռնատակի խնամքը խիստ կարեւոր է օրգանիզմի առողջության պահպանման տեսանկյունից, իսկ հակաքրտինքային միջոցների՝ ալյումինի աղեր պարունակող անտիպերսպերանտների կիրառումը կարող է բերել վտանգավոր հետեւանքների, քանի որ դրանք արհեստականորեն փակում են քրտնագեղձերը, իսկ ալյումինը ներթափանցում է մարմին:

Ազատվեք անհարմարության զգացողությունից

Մեր կռնատակերում կուտակված են մեծ քանակությամբ ավշային հանգույցներ, քրտնագեղձեր եւ մազապարկիկներ, որոնք օգնում են օրգանիզմին բնական եղանակով դուրս բերելու թունավոր նյութերը եւ միաժամանակ պաշտպանում են մարմինը մանրէներից: Քրտնարտադրությունը բնական պաշտպանիչ երեւույթ է, ինչից պետք չէ խուսափել կամ անհարմար զգալ: Սակայն մենք կարող ենք նպաստել, որ կռնատակը հնարավորինս մաքուր եւ չոր լինի, պահպանի իր բնական գույնը եւ չգրգռվի: Ճիշտ դեզոդորանտի, մազահեռացման եղանակի եւ հագուստի ընտրության դեպքում կարող ենք հասնել մեր նպատակին:

Ինչպես չեզոքացնել քրտնահոտը

Քրտնահոտն առաջանում է քրտնքի ու մաշկի վրա գոյություն ունեցող մանրէների միախառնումից: Երբ միախառնված է մաքրության բույրի հետ, ինչպես յուրաքանչյուրս ընկալում ենք այդ բույրը, կարող է անգամ հաճելի լինել: Իսկ առօրյա եւ լարված աշխատանքային ժամերին եւ շոգ եղանակին այն տհաճ է քթին: Չմոռանանք նաեւ, որ դեղահաբերի, սուրճի, ծխախոտի, սոխի, սխտորի, սուր հոտ ունեցող տարատեսակ սննդի չարաշահումները կարող են սրել քրտահոտը: Ցիտրուսները՝ կիտրոնը, կիտրոնախոտը, արդյունավետորեն չեզոքացնում են քրտնահոտը: Թեւատակերին կիտրոնահյութ, կերակրի սոդա կամ բնական քարաղ կիրառելը տարբերակ է, մենք խորհուրդ կտանք հնարավոր գրգռումներից խուսափելով՝ կիրառել կիտրոնախոտի կամ ավելի ծաղկային՝ նարդոսի եթերայուղով դեզոդորանտը, ինչպես նաեւ լոգանքի կամ ցնցուղի ժամանակ օգտագործել հակամանրէային օճառներ:

Թեւատակի մաշկն ընդամենը մաքուր շնչառության կարիք ունի

Մազահեռացման բազմաթիվ միջոցներ կան եւ այս պարագայում ընտրությունը չարժե կատարել ըստ նախասիրության: Զգուշորեն փորձարկեք դրանք եւ հետեւեք մաշկի «ինքնազգացողությանը»: Ընտրեք այն եղանակը, որը հնարավորինս քիչ նեղություն է պատճառում նուրբ մաշկին: Մազահեռացման ցանկացած քսուք կիրառելիս նախ փորձարկեք դրա ազդեցությունն ու բույրը: Կիրառեք մի փոքր եւ սպասեք մեկ օր: Լազերային կամ մազահեռացման սարքի, վաքսի կամ ածելու օգնությամբ կարելի է հեշտորեն գրգռել մաշկը, քանի որ բոլոր տարբերակներն էլ ունեն իրենց դրական եւ բացասական կողմերը:

Հետազոտողները պարզել են, որ Կովկասի տղամարդկանց կռնատակի մազահեռացված մաշկն ավելի հեշտ է դիմակայում քրտնահոտին: Կռնատակի մաշկը կարող է մգանալ, եթե այնտեղ կուտակվել են մահացած մաշկի բջիջները: Կարելի է ժամանակ առ ժամանակ նրբորեն շերտազատել այն Նաիրիանի Մաքրող քսուքի եւ Վարդափոշի-սկրաբի օգնությամբ: Տնական միջոցներից կիրառելի են շիբի բյուրեղները, որոնք նաեւ արդյունավետ հոտազերծիչ են: Եթե մաշկի մգությունը թեւատակերում երկարատեւ բնույթ է կրում, այն կարող է որեւէ հիվանդության, վարակի կամ ինսուլինի պակասի ախտանիշ լինել:

Ինչ կարող է փոխել հագուստը

Ոչ ճիշտ ընտրված հագուստը (սինթետիկ, արհեստական նյութերից պատրաստված նեղ հագուստը, ինչպես նաեւ կոշիկներն ու գուլպաները) թևատակի մաշկին շփվելով, կարող է խոչընդոտել քրտինքի գոլորշիացմանը, խթանել մանրէների բազմացմանը եւ ավելորդ քրտնարտադրություն հարուցել, նույնիսկ ավելի վատ բույրի հանգեցնել՝ անկախ տարվա եղանակից: Համաձայնեք, որ ամենագրավիչ կինն իր հագուստից չհաշկանդվող կինն է, երբ մարմինը լիուլի վարձահատույց է լինում իրեն հոգածությամբ պաշտպանելու համար: Կարծում եմ՝ ժամանակն է հրաժարվելու «գեղեցկությունը զոհեր է պահանջում» հայտնի խոսքից կամ գոնե գեղեցկության զոհերին ընտրելիս կանգ չառնել առողջության վրա։ Ամենակարևորը․ պահպանել բնության շքեղությունը առողջ մարմնում:

Հարցերի դեպքում գրեք մեզ ֆեյսբուքում կամ այցելեք Նաիրիան բուտիկներ՝ մասնագիտական խորհրդատվության: Կապի մեջ

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: