Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ինչպես է կենսակերպն ազդում մաշկի վրա
23 Նոյեմբեր, 2017 / Մայա Ադիվի, մարքեթինգի ու վաճառքի թիմ, կոսմետոլոգ

Մեր մաշկն, անշուշտ, արտացոլում է մեր կենսակերպը։ Ինչպես լավ, այնպես էլ վատ առումով։ Թելադրողն այստեղ առողջ մարմին-առողջ մաշկ հավասարումն է: Մաշկը մեր ամենամեծ օրգանն է, եւ որքան մեր մարմինն առողջ լինի, այնքան մաշկն ավելի լավ տեսք կունենա: Իսկ եթե ստիպված լինենք ընտրել ամենակարևոր կանոնը, ապա դա կլինի չափավորությունը:

1. Սննդակարգ

Տարբեր անձինք սննդակարգի տարբեր կարիքներ ունեն։ Միակ կանոնը, որը վերաբերում է բոլորին, սնուցիչներով հարուստ, բազմատեսակ բուսական հիմքով սննդի օգտագործումն է: Օմեգա 3-ով հարուստ ձիթապտղի յուղի եւ կտավատի սերմի օգտագործումը սննդում դրական ազդեցություն ունի մաշկի վրա, հատկապես եթե խոսում ենք վաղահաս ծերացումը կանխելու մասին:

Շատերը նկատում են իրենց մաշկի բարելավումը, երբ դադարում են օգտագործել կաթնամթերք, շաքար կամ գլյուտեն, մինդեռ մյուսները նկատում են ճիշտ հակառակը: Զգայուն եւ ալերգիայի հակված մաշկը կարող է բացասական կերպով արձագանքել որոշ տեսակի սննդի, սովորաբար կծու սննդին: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ձեր մաշկն արձագանքում տարբեր սննդակարգերի եւ փորձել ուտել այն, ինչը ձեզ էներգիա եւ առողջություն կհաղորդի՝ առանց մաշկին վնասներ բերելու:

2. Քուն եւ սթրես

Եթե բավականաչափ չեք քնում, մաշկային խնդրից շատ ավելի մեծ խնդիրներ կարող են առաջանալ: Բոլորս էլ անքուն գիշերներից հետո այտուցված դեմքի ու աչքերի տակ սեւ շրջանակների փորձ ունենք, բայց երկարատեւ անքնությունն ու սթրեսն իսկապես կարող են ավերածություններ գործել:

Ըստ այս համալիր հետազոտությունների՝ անքնությանն արձագանքող օրգանիզմն արտադրում է հավելյալ սթրեսի հորմոն՝ կորտիզոլ՝ ամբողջությամբ խախտելով մաշկի պաշտպանիչ գործառույթները: Դա հանգեցնում է ջրազրկման, բջիջների ավելի դանդաղ վերարտադրման, ինչն էլ իր հերթին առաջացնում է կնճիռներ ու կախ ընկած մաշկ: Այս հորմոնը կարող է խթանել կորյակային բորբոքումների աճը: Քնի պակասը կարող է նաեւ արգելակել մարմնի աճի հորմոնների արտադրությունը:

3. Ջուր

Մարմնի բոլոր գործառույթների եւ հատկապես մաշկի համար ջուրը կենսական նշանակություն ունի: Երբ մաշկը ջրազրկված է, այն դառնում է խոցելի, իսկ քրոնիկ ջրազրկված մաշկը շատ ավելի արագ է գնում ծերացման:

Մեր խմած ջուրը հասնում է մարմնի բոլոր օրգաններին շատ ավելի արագ, քան մաշկին: Չնայած ջրի բավարար օգտագործումը շատ կարեւոր է առողջության համար, դա բավական չէ մաշկի խոնավության մակարդակը պահպանելու համար: Այդ պատճառով որակյալ խոնավացնող միջոցի օգտագործումը շատ կարեւոր է:

4. Արեւահարում

Մենք մի ամբողջ գրառում ունենք արեւայրուքը սահմանափակելու կարեւորության մասին, ուստի այստեղ միայն մի քանի բան կնշենք: Արեւահարումը մաշկի ծերացման առաջին բնական պատճառն է, եւ ցանկացած մաշկաբան կասի, որ արեւապաշտպան քսուքը լավագույն հակատարիքային միջոցն է: Արեւի ճառագայթներն առաջացնում են քայքայիչ շղթայական ռեակցիա՝ այսպես կոչվող օքսիդացում կամ ազատ ռադիկալների վնասներ, որոնք ոչնչացնում են մաշկի բջիջները: Ավելին, երբ սեբումը (մարմնի յուղը) օքսիդանում է, մաշկն ավելի է հակվում կորյակների, իսկ ծակոտիները խցանվում են:

Որոշ մարդկանց մոտ մաշկն ավելի շատ է մելանին (գունանյութ) արտադրում, որպես արեւի դեմ պաշտպանվելու միջոց: Երբեմն մաշկը հավասարաչափ կերպով մելանին չի արտադրում, ինչը հանգեցնում է մաշկի մուգ հատվածների առաջացմանը, որոնք կարող են քաղցկեղածին լինել: Եթե խոսենք չափից շատ արեւահարված մաշկի մասին, ապա վտանգների թվում առաջինը մաշկի հավանական քաղցկեղն է: Խորհուրդ ենք տալիս միշտ ուշադիր լինել ու պաշտպանվել արեւից կա՛մ արեւապաշտպան քսուքի կա՛մ մի տպավորիչ լայնեզր գլխարկի օգնությամբ:

5. Ալկոհոլ

Ալկոհոլի չափավոր օգտագործումը հիմնականում խնդիրներ չի հարուցում, չնայած կարող է վարդագույն ցան (rosacea) առաջացնել: Սակայն ալկոհոլի քրոնիկ գերօգտագործումը կարող է ավերածություններ գործել: Ալկոհոլիզմի հիմնական ախտանիշը մշտապես կարմրած, ուռած կամ բորբոքված մաշկն է, քանի որ ուղեղի անոթային կարգավորման կարողությունն արգելակվում է: Նրանք, ովքեր արդեն իսկ ունեն մաշկային խնդիրներ՝ պսորիազ, էկզեմա, դերմատիտ եւ այլն, առավել ուշադիր պիտի լինեն, քանզի ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել բորբոքային ընթացքների հաճախացման եւ սրման:

6. Ծխախոտ

Ծխախոտի ծուխը, ինչպես արեւի ճառագայթները, հարուցում է ազատ ռադիկալներ: Այդ է պատճառը, որ ողջ կյանքում ծխած մարդիկ ավելի շատ կնճիռներ ունեն իրենց բերանի շուրջ: Նրանց մաշկն ավելի հակված է պիգմենտացիայի եւ բորբոքումների: Թեպետ ծխելու առումով գլխավոր մտահոգությունը թոքերի եւ կոկորդի հնարավոր քաղցկեղն է, հանուն բարետես արտաքինի մեզանից շատերն ավելի կհակվեն ծխելը թողնելու:

Ամփոփիչ մտքեր

Այս գրառման նպատակն այն չէ, որ ասենք, թե ինչպես պետք է մարդիկ ապրեն: Ի՞նչ կարիք կա լավ մաշկ ունենալու, եթե կյանքը ձանձրալի է: Սակայն կարևոր է տեղեկացված լինել և դրանից հետո միայն որոշումներ կայացնել։ 

Գրեք մեզ ֆեյսբուքում, արդյո՞ք դուք էլ ունեք սովորություններ, որոնց ոչ մի կերպ չեք դավաճանի: Նույնիսկ եթե դրանք վատ ազդեցությո՞ւն ունեն ձեր մաշկի վրա: Արդյո՞ք կարծում եք, որ կարեւոր կետեր բաց ենք թողել:

 

 

Մայա Ադիվին Նաիրիանի կոսմետոլոգն է։

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: