Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Հիասքանչ մաշկ ձմռանը
26 Հունվար, 2018 / Մայա Ադիվի, մարքեթինգի ու վաճառքի թիմ, կոսմետոլոգ

Երեւանի ձմեռը մի այլ կարգի բան է: Հենց եղանակը սկսում է սուր ու չորային դառնալ, բոլորը սկսում են փաթաթվել իրենց բաճկոնների, շարֆերի ու գլխարկների մեջ: Ամպերն ավելի են գորշանում, ավելի են մռայլվում անցորդների դեմքերը: Այսինքն՝ ամռան ու ձմռան տարբերությունն այստեղ արտահայտվում է ոչ միայն ջերմաստիճանի, այլեւ տրամադրության փոփոխությամբ: Եվ երբ հանկարծ մի քանի փաթիլ ձյուն է իջնում քաղաքի վրա, տրամադրությունը փոխվում է՝ մարդկանց դեմքերին դրոշմելով ուրախության ու զմայլանքի արտահայտություն:

Բոլորս էլ ունեցել ենք ճաքճքած շուրթեր եւ քամահարված ձեռքեր, հատկապես ձմռան առաջին օրերին, քանի դեռ մոռանում ենք շարֆ կապել ու ձեռնոց կրել: Մեր մաշկը հակված է ջրազրկման ու չորության, երբ օդը զուրկ է խոնավությունից: Արհեստական ջեռուցման պատճառով հաճախ փակ տարածություններն ավելի վտանգավոր են: Մի խոսքով՝ ձմեռն ամենաճգնաժամային ժամանակն է, երբ պետք է հոգ տանենք մեր մաշկի մասին եւ այն առողջ պահենք: Այստեղ մի քանի առաջարկ ունեմ, որոնց շնորհիվ ձմեռը կանցնի ձեր կողքով, իսկ ձեր մաշկը կմնա մանկան մաշկի պես փափուկ:

1. Փոխարինեք ձեր խոնավացնող քսուքը

Քիչ հավանական է, որ ամռան ձեր խոնավացնող քսուքը բավարար պաշտպանություն առաջարկի ձմռանը: Գուցե անհրաժեշտ լինի փոխարինել այն խոնավացնող բաղադրիչներով առավել հարուստ քսուքով, որը եւ ձեր մաշկը կպատրաստի ավելի դժվար ժամանակներին: Օրինակ՝ եթե ամռանը դուք օգտագործում եք նորմալ մաշկի համար ՆԱԻՐԻԱՆ-ի Խոնավացնող քսուքը, ապա ձմռան համար արժե ընտրել չոր մաշկի համար նախատեսված Խոնավացնող քսուքը:

2. Մաշկը խոնավացրեք մի քանի շերտով

Մաշկի բազմաշերտ խնամքն ընդունված է մի շարք մշակույթներում՝ հաղթահարելու ջրազրկումն ու չորությունը: Շերտավորելով խոնավացնող քսուքների տարբեր տեսակներ՝ դուք կարող եք հիմնովին խոնավացնել ձեր մաշկը եւ լավագույնս պաշտպանել այն ձմռան վտանգներից: Եթե ցանկանում եք սկսել խոնավացնող հեղուկից՝ ՆԱԻՐԻԱՆ-ի վարունգի քամուկ պարունակող տոնավորող հեղուկը ուժեղացնում է մաշկի կողմից խոնավության կլանումը, ուստի դրան հաջորդող ձմեռային խոնավացնող քսուքն ավելի արդյունավետ կգործի: Եվ վերջում, որպեսզի այդ ամբողջ «հրաշքը» մնա մաշկում, կարելի է կիրառել խոնավությունը պահպանող եւ ցուրտ քամիներից պաշտպանող այնպիսի բալզամ, ինչպիսին այս Գիշերային շիճուկն է:

3. Արեւապաշտպան քսուք

Ձմռանը, երբ արեւի տաքությունը չենք զգում մեր դեմքին, ենթադրում ենք, որ դրա ճառագայթները վտանգավոր չեն: Մեր ենթադրությունը սխալ է: Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներն «աշխատում» են անգամ ամպամած օրերին, եւ դրանց 80%-ը հասնում է երկիր: Եթե ձեր քաղաքը ձմռանը ծածկված է ճերմակով, դուք իրականում կրկնակի ազդեցության եք ենթարկվում, քանի որ ձյունն անդրադարձնում է UVA եւ UVB ճառագայթները: Արեւից պաշտպանվելու մասին իմ նախորդ գրառումից գուցե արդեն տեղյակ եք, որ նշածս ճառագայթները մի շարք առումներով վնասակար են մաշկին: Մի կողմից դրանք նպաստում են մաշկի վաղահաս ծերացմանը, մյուս կողմից՝ կարող են անգամ մաշկի քաղցկեղ առաջացնել: Ուրեմն նույնիսկ ձմռանը մեզ արեւապաշտպան քսուք է պետք:

4. Ձեռքի դիմակ+քսուք

Մեր մարմնի չքողարկված մասերն ավելի մեծ հոգածություն են պահանջում ձմռանը, քանի որ դրանք են ընդունում ցուրտ եղանակի առաջին հարվածները. բարեբախտաբար, մեր մարմինը հիմնականում պաշտպանված է հագուստով: Մեր ձեռքերն, ամեն դեպքում, ավելի շատ են բացահայտում, թե ինչ է ցուրտը: Չոր ու ճաքճքված մատներ չունենալու համար ձեր ձեռքերին ճոխ սնուցում է հարկավոր շաբաթվա մեջ առնվազն մի քանի անգամ: Քնելուց առաջ մերսեք ձեր ձեռքերը Ձեռքի քսուքի սովորականից երկու անգամ մեծ չափաբաժնով: Շատ ծանր դեպքերում կարող եք նաև ձեռքերը պաշտպանել ռեզինե բարակ բժշկական ձեռնոցներով: Գիշերվա ընթացքում ձեր ձեռքերը կներծծեն քսուքի առավելագույն չափը, իսկ ձեռնոցները կկանխեն խոնավության գոլորշիացումը: Երբ արթնանաք, կունենաք աներեւակայելի փափուկ ու սնուցված ձեռքեր:

5. Հաճախակի փոխեք գուլպաները

Ամենալավ բանը, որ ձմռանը կարող եք անել ձեր ոտքերի համար, գուլպաները հաճախակի փոխելն է: Չնայած բրդե գուլպաները կարող են փակել ջերմությունն ու տաք պահել ոտքերը, դրանք նաեւ կարող են փակել քրտինքն ու խոնավությունը: Այդ խոնավությունը, եթե երկարատեւ է, կարող է վնասել մաշկն ու գրգռել այն: Ամեն ինչ այնքա՜ն պարզ է. ոտքերն առողջ կլինեն, եթե գուլպաները միշտ չոր են ու մաքուր: Օրվա ավարտին դուք կարող եք Ոտքի քսուքով խոնավացնել ոտքերը՝ առանց դրանք վտանգի ենթարկելու:

6. Միացրեք խոնավացնող սարքը

Ջեռուցող սարքերը, որոնք մենք միացնում ենք՝ դիմակայելու ձմռան ցրտին, միաժամանակ չորացնում են օդը: Ջեռուցվող տանը օդի խոնավությունը կարող է իջնել մինչեւ 10% (համեմատելու համար ասենք, որ լավագույն միջին խոնավությունը 40% է): Դա միայն մեր մաշկի համար չի խնդիրներ հարուցում․- խիստ չորությունը կարող է գրգռել մեր լորձաթաղանթը եւ մեծացնել մրսելու եւ ձմեռային տհաճ հիվանդություններ ձեռքբերելու հավանականությունը: Ուրեմն մտածեք խոնավացնող սարքի մասին, քանի որ այն դրական ազդեցություն է գործում ոչ միայն մաշկի վրա:

7. Շուրթերի բալզամ ոչ միայն շուրթերի համար

Կարծես պարզ բան եմ առաջարկում. եթե զգում եք, որ շուրթերը ճաքճքում են, առաջինը կկիրառեք հենց բալզամը: Այդուհանդերձ, դեմքի մեկ ուրիշ հատված նույնպես հավելյալ ուշադրություն է պահանջում ձմռանը- մեր քիթը, հատկապես քթանցքերը: Ռնգային խցանումների ու քթից շարունակ հոսելու արդյունքում մեր քիթը կարմրում է ու բորբոքվում: ՆԱԻՐԻԱՆ-ի Շուրթերի բալզամը միանշանակ կօգնի խոնավացնել ու հանգստացնել շուրթերը, բայց այն օգտակար է նաեւ քթի շուրջ կիրառելու համար: Այն հարուստ է պաշտպանիչ մեղրամոմով եւ ձիթապտղի յուղով: Այս արգելափակող բաղադրիչները կանխում են խոնավության կորուստը եւ նաեւ հավելյալ յուղաշերտ են ստեղծում՝ պաշտպանելու թաշկինակների ու շարֆերի հետ շփումից: Օրվա ընթացքում կարող եք օգտագործել որքան անհրաժեշտ է:

8. Խուսափեք գերտաք ցնցուղներից… կամ գոնե վերացրեք դրանց վնասը

Այս խորհուրդը դժվարությամբ եմ գրում, քանի որ ցուրտ օրվա ամենամեծ հաճույքը տաք ցնցուղ ընդունելն է: Բայց այս հաճելի տաք ցնցուղները խիստ վնասակար են մեր մաշկին թե՛ ձմռանը, թե՛ ամռանը: Տաք ջուրը, հատկապես եթե ուղեկցվում է կոշտ օճառով, հեռացնում է մեր մարմնի բնական պաշտպանիչ յուղերը, եւ խոնավությունն անարգել կերպով գոլորշիանում է մեր մաշկից: Այս սրընթաց ջրազրկումը կարելի է կանխել մի քանի եղանակով. տաք ջուրը փոխարինեք հնարավորինս գոլ ջրով, օգտագործեք խոնավացնող մաքրող միջոց, ինչպիսին Գլինտվեյն օճառը, եւ Մարմնի քսուքով խոնավացրեք ձեր մարմինն անմիջապես ցնցուղից դուրս թռչելուց հետո:

Հույս ունեմ, որ այս խորհուրդները կօգնեն ձեզ դիմակայելու ձմռանը: Ես ինքս կիրառելու եմ դրանք (չնայած չեմ ուզում խաբել… Չոր մաշկը քիչ է, ինձ դեռ երկար պետք է համոզել, որ այլեւս տաք ցնցուղ չընդունեմ), ու հաշվելու եմ օրերը՝ մինչեւ եղանակը նորից տաքանա:

Իսկ դուք ի՞նչ կասեք: Արդեն սպասո՞ւմ եք ձմռան ավարտին: Թե՞ կուզեիք, որ այն անվերջ շարունակվեր: Ունե՞ք ցրտին դիմակայելու սեփական խորհուրդներ կամ հնարքներ: Մեկնաբանե՛ք ֆեյսբուքում կամ գրեք ինձ maya.adivi@nairian.com հասցեով:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: