Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Մեր երազանքները լաբորատորիայի դռների ետեւում
19 Հոկտեմբեր, 2017 / Անահիտ Մարկոսյան, համահիմնադիր, գիտական ղեկավար

Որքան էլ զարմանալի հնչի, Արագյուղում տեղակայված մեր լաբորատորիայում մենք բացահայտում ենք Հայաստանի բնությունը: Այստեղ ապրելով՝ հաճախ չենք գիտակցում, թե ինչքան հարուստ է այն: Հայաստանի պես փոքր տարածքում աճում է մոտ 3500 տեսակի բույս ու ծառ։ Եթե նույն բույսն աճում է մեկ այլ երկրում, այլ հողի մեջ, և չի ստանում այն արևի չափաքանակը, հողից եկող այն բոլոր հանքային նյութերը, որ ստանում են բույսերը Հայաստանում, այն չի կարող լինել նույնքան օգտակար ու բուժիչ: Հայաստանում աճող բույսերի մոտ կեսը որևէ կարգի բուժական հատկություններ ունի։ Մենք հենց այդ հատկություններն ենք ներառում մեր քսուքներում, դեմքի, մարմնի ու մազերի խնամքի միջոցներում։

Երբ սրանից 5 տարի առաջ ես ամուսնուս՝ Արա Մարկոսյանին, առաջարկեցի միտքը, որ կարող ենք Հայաստանում բարձրարժեք եթերային յուղեր ստանալ ու ստեղծել բարձրորակ բնական կոսմետիկա, դա նման էր մաքուր երազանքի: Մտքից բացի դեռ ոչինչ չկար։ Անցել են տարիներ, եւ հերթով իրականանում են մտքերն ու երազանքները: Մեծ ջանքերի ու նվիրված աշխատանքի շնորհիվ մենք ստեղծեցինք ՆԱԻՐԻԱՆ-ի լաբորատորիան, մեր քսուքների բանաձևերը, սկսեցինք ստանալ եթերային յուղեր, որոնցից շատերն ի դեպ Հայաստանում առաջին անգամ էին ստացվում:

Այսօր լաբորատորիայում արդեն ավարտել ենք մաշկը մաքրող ու առույգացնող միցելային վարդաջրի փորձարկման փուլը: Այն հնարավոր կլինի ձեռք բերել խանութներից ընդամենը մի քանի շաբաթ հետո: Վարդաջրի միցելները մաշկի վրայից հեռացնում են շպարն ու աղտոտությունները եւ ջրով լվացվելու կարիք չի զգացվում: Կարելի է ասել, որ կանայք օծվում են վարդի եթերայուղով:

Ինձ համար դեռ մեծ ցանկություն է այն, որ հայ կանայք աստիճանաբար սկսեն ճիշտ ընտրել իրենց կոսմետիկան ու խնամքի միջոցները։ Շատ ցավում եմ, երբ տեսնում եմ, որ մեր աղջիկների ու կանանց համար հաճախ ավելի կարևոր է լինում փաթեթավորումը, բրենդի անունը, քան քսուքի բաղադրությունը։ 21-րդ դարի կինը պետք է ոչ միայն իմանա՝ ինչպես ընտրել առողջ սնունդ իր ընտանիքի համար, այլ նաև՝ իր մաշկի ու օրգանիզմի համար: Հենց այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր ենք անում․ պարբերական հանդիպումներ, ինչպես նաև խորհուրդներ՝ մեր բլոգի միջոցով։

Մեզ մոտ գալիս կինն ակնկալում է, որ մենք կհասկանանք իր խնդիրը։ Ավելի երիտասարդները փնտրում են խնամքի միջոցներ, որոնք երիտասարդ տարիքին հատուկ պրոբլեմատիկ մաշկը կբուժեն, ավելի տարիքովներն ուզում են գտնել այն բանաձևը, որը կօգնի նրանց երկար պահպանել երիտասարդությունը, որն այնքան թանկ է բոլոր կանանց համար․․․ Լաբորատորիայում, երբ մշակում ենք մեր բանաձեւերը, այս ամենը շարունակ մեր մտքում է:

Պահեր են լինում, երբ հավատս չի գալիս, որ այդ միտքն ու երազանքն այսօր իսկապես իրականություն են։ Իհարկե, դեռ շատ աշխատանք կա անելու: Անցած տարվա ընթացքում մենք շատ կարևոր քայլ արեցինք․ սկսեցինք արտահանումը ԱՄՆ, Ռուսաստան և Ճապոնիա: Պատկերացրեք այդ ճանապարհը՝ Արագյուղից մինչեւ Տոկիո եւ Նյու-Յորք: Դա իսկապես արդյունք է լաբորատորիայի դռների ետեւում եւ դաշտերում զարգացող մեր երազանքների եւ աշխատանքի:

Եվ քանի որ լաբը հիմնականում «ետնաբեմային» տարածք է, ապա այս առթիվ ուզում եմ ուրախ լուր հայտնել տղամարդկանց. այժմ մենք այնտեղ փորձարկում ենք տղամարդկանց խնամքի միջոցների շարքը՝ սափրման քսուք, հետսափրման լոսյոն ու ցող, մորուքի յուղ, մորուքի բալզամ:

Մենք սիրով սպասում ենք ձեր արձագանքին եւ դիտարկումներին: Գրե՛ք մեր ֆեյսբուքյան էջին:
 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: