Անտեսանելի հրաշքներ. նարդոսը մեր կյանքում | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Անտեսանելի հրաշքներ. նարդոսը մեր կյանքում
3 Օգոստոս, 2020 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր


Առաջին անգամ այս բառը լսելիս հաճախ մտածում ենք գրականության դասագրքերից ծանոթ գրող Միքայել Հովհաննիսյանի մասին, ում գրական կեղծանունը Նար-Դոս էր: Ծաղկի անվան ընտրության հետ տարբեր պատմություններ են կապված. մեկն էլ այն է, որ Միքայելի հիվանդ հայրը տատի խորհրդով նարդոսի թուրմով ինչ-որ պատրաստուկ է խմում եւ ապաքինվում, ինչը շատ է տպավորում մեր ապագա գրողին:

Պարզվում է, որ այս ծաղիկը հայկական աղբյուրներում ունի բազմապիսի անուններ՝ եպնդեղ, փայլասենի, կարդին, լուացուկ, հուսամ (արաբ.), նարդոս (հուն.), թեեւ լավանդան այսօր ամենից հայտնի անունն է: Նարդոս բառի «նարդ» արմատը գալիս է սանսկրիտից: Եպնդեղ բառից էլ կարող ենք եզրակացնել, որ այն դեղաբույս է:

Նարդոսի եթերայուղը մեծ տարածում ունի բուրավետ մոմերի, օծանելիքի, օդափոխիչների արտադրության մեջ: Բնական կոսմետիկայում այն նույնպես ֆավորիտ բաղադրիչ է: Նաիրիանում մենք օգտագործում ենք նարդոսի եթերայուղը Յուղազերծ խոնավացնող քսուքում, Հակակորյակային գելում, զգայուն մաշկի համար Խոնավացնող քսուքում, զգայուն մաշկի համար Ձեռքի քսուքում, զգայուն մաշկի համար Աչքի քսուքում:

Նարդոսը հրաշալի է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա, չնայած զգայուն կամ կորյակների հակված մաշկին այն առավել օգտակար է: Տերպենները՝ կամֆորան եւ ցինեոլը, որոնք լայնատերեւ նարդոսի կազմության մեջ են, թուլացնում են բորբոքումները, ուստի դրանք մեր Հակակորյակային հավաքածուի հիմնական բաղադրիչներն են: Իսկ անգլիական նարդոսն իսկապես հանգստացնում է մաշկը ու հատկապես օգտակար է զգայուն եւ շուտ գրգռվող մաշկին: 

Ժողովրդական բժշկությունից հայտնի է, որ նարդոսի օգտագործումը լավացնում է հիշողությունը, օգնում է անքնության, նյարդային ցնցումների ժամանակ: Նարդոսի յուղն օգնում է վերքերի, այրվածքների ժամանակ մաշկի վերականգմանը, ապաքինում և վերականգնում է վնասված հյուսվածքները: Միգրեն ունեցողների քունքի հատվածը մերսում են նարդոսի յուղով: Այն օգնում է անգամ մեղմացնել մաշկային հիվանդությունների, օրինակ՝ էկզեմայի հետեւանքները:

Նարդոսը լայնորեն կիրառվում է արոմաթերապիայի մեջ: Որպես անվտանգ եթերայուղ՝ այն խորհուրդ է տրվում հղիության երկրորդ եւ երրորդ եռամսյակում: Միեւնույն ժամանակ, նարդոսի եթերայուղը պետք է կիրառել ոչ ամենօրյա ռեժիմով եւ քիչ չափաբաժիններով:

Նարդոսն ունի նաեւ դեկորատիվ նշանակություն: Մենք Արագյուղի փորձարարական այգում մշակում ենք նարդոսի տարբեր տեսակներ: Բույսը նախընտրում է աճել բաց, արևկող տեղերում, լավ դրենաժով, թեթև, չեզոք կամ հիմնային հողերում: Նարդոսի բոլոր տեսակներն էլ մեղրատու են: Ծաղկի բույրը շփոթեցնում է վնասատու միջատներին եւ գրավում է մեղուներին: 

Խորհուրդ ենք տալիս ձեզ նույնպես պատշգամբում, պարտեզում կամ հողամասում մշակել նարդոս եւ հունիս-հուլիս ամիսներին վայելել ծաղկի անուշ բույրը, հավաքել ծաղիկները եւ չորացնել այն թեյաթուրմ պատրաստելու համար, նաեւ տեղադրել հագուստի պահարաններում՝ պաշտպանելու ոչ սեզոնային հագուստը տարբեր վնասատուներից:

Այցելեք Թումանյան 34, Դալմա առեւտրի կենտրոնի Նաիրիան բուտիկ կամ կատարեք առցանց գնումներ, եւ վայելե՛ք Նաիրիանի նարդոսաբույր հրաշքը ձեր կյանքում:



 

   

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: