Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Օճառ. գիտակից սպառում
20 Հոկտեմբեր, 2017 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Գունավոր ու բուրավետ օճառները տարբեր մաստակների եւ քաղցրավենիքի հետ մեր կենցաղ ներխուժեցին 90-ականներին: Դրանք գրավիչ էին, որովհետեւ լվացվելուց հետո ձեռքերին ինչ-որ դուրեկան հոտ էր մնում: Որակը չէր քննարկվում: Մեր ծնողներն ու մենք չէինք գիտակցում մեզ որպես սպառողներ: Չէին քննարկվում նաեւ մաշկի, մարմնի եւ մազերի խնամքի բոլոր այն միջոցները, որոնցով ողողված էր Հայաստանի նորաբաց շուկան: Հիշում եմ, որ մազերն օճառով լվանալու՝ հարեւանուհուս սովորությունն ինձ տհաճություն էր պատճառում… արդեն անուշաբույր տարբեր շամպուններ կային վաճառքում:

Այսօր, երբ փոքրիկ բարեկամուհիս ցույց է տալիս ձեռքերի ճաքճքված մաշկն ու խորհուրդ հարցնում, ես հասկանում եմ, որ եկել է խնամքի միջոցների գիտակից սպառման ժամանակը: Տաք ջրով եւ օճառով շարունակ լվացվելու արդյունքում երեխաները վնասում են իրենց նուրբ մաշկը, իսկ «մաշկի ծակերը բացելու» համար բազմաթիվ ծնողներ փորձարկում են օճառը իրենց նորածինների մարմնի վրա՝ հակառակ մանկաբույժների խորհուրդների:

Իսկ երբ խանութից գնված հացը «բուրում» է տարօրինակ համով, ապա վաճառողուհին նախապես լվացվել է հերթական սարսափելի օճառով:

*** Օճառների զանգվածային արտադրությունը սկսվել է Եվրոպայի արդյունաբերականացման շրջանում եւ 18-րդ դարավերջից սկսած՝ աստիճանաբար տարածում է ստացել հասարակությունների կենցաղում եւ հիգիենայում: Մինչ այդ մեր տարածաշրջանում լվացվելու եւ լվացման միջոցներ են եղել հիմնականում մոխիրը կամ մոխրաջուրը, ավազը, կավը:

Օճառն ունի իր օգտակարությունը, սակայն դրա գերօգտագործումը կարող է հանգեցնել մաշկային խնդիրների եւ ալերգիաների: Մեր մասնագետ Մայա Ադիվին նշում է, թե ինչու օճառով խորհուրդ չի տրվում մաքրել դեմքը:

Օճառների որակի հարցը մինչ օրս առկախված է: Սպառողները շարունակում են ապավինել գովազդին՝ չստուգելով ապրանքի բաղադրությունը եւ նախընտրելով, որ տնտեսական ու ձեռքի օճառներն ունենան մրգերի եւ բույսերի բուրմունք, թվան ավելի թարմացուցիչ ու «բնական»:

Եթե մտահոգ եք ձեր առողջությամբ, ապա օճառ գնելիս ստուգեք, որպեսզի դրանք չպարունակեն անուշահոտություններ (քիմիական արհեստածին հավելումներ, փաթեթավորման վրա նշված է լինում որպես “Perfume/Parfum”), պարաբեններ (ծանր կոնսերվանտներ), սուլֆատներ (փրփուր եւ պղպջակներ առաջացնող միջոցներ, որոնք զրկում են մաշկը բնական յուղայնությունից, եւ վնասակար են զգայուն մաշկ կամ էկզեմա ունեցողներին) եւ տրիկլոզան (հակաբիոտիկ է, որի երկարատև օգտագործումն օրգանիզմում մանրէները դարձնում է կայուն հակամանրէական նյութերի հանդեպ):

Դրական հանգամանք է, որ ձիթապտղի կամ դափնու բնական օճառը մեր կենցաղ է վերադառնում Հայաստան տեղափոխված սիրիահայերի շնորհիվ: Նրանք խորհուրդ են տալիս այդ օճառով լվալ ոչ միայն մարմինը, այլեւ մազերը: Շատերն այսօր փորձում են իրենց մաշկին կամ ճաշակին համապատասխան օճառներ պատրաստել՝ վերադարձնելով տնային պայմաններում օճառ պատրաստելու սովորույթը: Գիտակից սպառումը սկսվում է այստեղից:

Այսօր արտադրվող լավագույն բնական օճառներում պարունակվում են եթերայուղեր: ՆԱԻՐԻԱՆ-ի բոլոր օճառներում՝ նույնպես: Արագյուղի լաբորատորիայում դրանք ձեռքով պատրաստվում են կատարելապես բնական և բացառապես բուսական բաղադրիչներից, տեղական չիչխանի, խաղողի կորիզի, արևածաղկի, ուրցի, վարդաբույր խորդենու եւ այլ բույսերի յուղերից և եթերայուղերից: Հյուրերը մեր լաբորատորիայում հաճախ հնարավորություն ունեն ձեռքով պատրաստելու սեփական նախընտրելի օճառը:

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: