Շիճուկներ. Անունն ի՞նչ է…* | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Շիճուկներ. Անունն ի՞նչ է…*
26 Փետրվար, 2021 / Անահիտ Մարկոսյան, Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար

Եկեք սկզբում պարզենք, թե ինչ է շիճուկը: Բառարանում ասվում է, որ «շիճուկը սաթեգույն, սպիտակուցներով հարուստ հեղուկ է, որն անջատվում է արյան մակարդման ժամանակ»: Բայց ի՞նչ է այն նշանակում կոսմետիկայում: 

Գեղեցկության աշխարհում շիճուկն ունի բոլորովին այլ նշանակությյուն: Շիճուկը մաշկի խնամքի միջոց է՝ առանձնացող արագ ներծծվելու եւ մաշկի ամենախոր շերտերը ներթափանցելու կարողությամբ: Շիճուկի բանաձեւում մեծ խտությամբ կուտակված են ակտիվ ու սնուցիչ նյութեր: Շիճուկները հաճախ առաջարկում են մաշկի խնամքի հատուկ լուծումներ, եւ քսուքների եւ բալզամների համեմատ ավելի օգտակար են եւ արդյունավետ: Ի տարբերություն շիճուկների՝ կոսմետիկական քսուքները հիմնականում «աշխատում» են մաշկի ամենավերին շերտում՝ ամրացնելով, իրար կապելով մաշկի բջիջները եւ խոնավացնելով մաշկը: Շիճուկի կամ քսուքի ընտրությունը կախված է մաշկի կարիքներից, թեեւ երբեմն դրանք կարելի է կիրառել միասին, մասնավորապես երբ մաշկը չոր է կամ խունացած, առկա են վաղահաս ծերացման նշաններ:

Ի՞նչ հաջորդականությամբ կիրառենք շիճուկն ու քսուքը: Սկզբում ցանկալի է կիրառել նոսր կազմություն ունեցող միջոցը. շիճուկը մաշկի ստորին շերտեր է «իջեցնում» ակտիվ սնուցիչները, իսկ դրանից հետո խոնավացնող քսուքը մաշկն ասես փակում է «կնիքով», որպեսզի շիճուկն աշխատի ավելի մեծ արդյունավետությամբ:

Հիմա անակնկալը. Նաիրիանն ունի մի բացառիկ խնամքի միջոց, որն ունի միաժամանակ շիճուկի եւ խոնավացնողի հատկություններ. դա մեր ամենասիրված եւ հայտնի Գիշերային շիճուկն է: Արագ ներթափանցող, վիտամիններով ու սնուցիչ յուղերով հարուստ այս խնամքի միջոցը միանշանակ կարելի է շիճուկ համարել, բայց քանի որ այն պարունակում է նաեւ խոնավացնող կոկոսայուղ, որն, ի դեպ, ավելացնում է ներթափանցման կարողությունը, եւ նաեւ ներառում է փակող ու «կնքող» մեղրամոմ, ապա այն կարելի է ընդունել եւ կիրառել նաեւ որպես խոնավացնող միջոց: Եվ եթե Գիշերային շիճուկը ձեր սիրելին է, ապա դա նույնն է, ինչ եթե առանձին օգտագործեք շիճուկ եւ խոնավացնող քսուք: Այն խորհուրդ կտանք չոր, հասուն եւ վաղահաս ծերացման նշաններ ունեցող մաշկի համար:

Նաիրիանի մյուս գրավիչ բանաձեւերից է երկշերտ Սպիտակեցնող շիճուկը Վիտամին C-ով: Այս շիճուկի ստեղծման համար կիրառել ենք նոր տեխնոլոգիա՝ լավագույնս մեծացնելու բուսական ծագում ունեցող պայծառացնող բաղադրիչների ներթափանցումը: Բանաձեւում վիտամին C-ն եւ B3-ը (հեղուկ շերտը) համադրել ենք ջրում լուծվող կարոտենոիդներով, որոնցով անխնա հարուստ է մասուրի կորիզայուղը: Իհարկե, մենք կարող էինք այս երկու շերտերը միախառնել եւ ստանալ սպիտակեցնող քսուք, բայց այդ դեպքում ստիպված կլինեինք օգտագործել որեւէ խտացնող կամ էմուլսարար բաղադրիչ, որը կկազմեր քսուքի մոտ 8%-ը: Ավելին, այն չէր կարող խորը ներթափանցել մաշկի շերտերի մեջ: Էլ ավելին, մենք այս բանաձեւի համար հատուկ ընտրել ենք ժոժոբայի, ձիթապտղի եւ խաղողի կորիզի յուղերը, որոնք մեծացնում են շիճուկի ներթափանցման կարողությունը:

Շիճուկ կարելի է ստանալ նաեւ հեղուկ գելի բարդ բանաձեւով (իրականում գելը ամենից արագ եւ խորն է ներթափանցում մաշկի մեջ), կամ տարբեր յուղերի պարզ խառնուրդով: Վերջինիս օրինակ է Նաիրիանի Ցերեկային շիճուկը մասուրի կորիզայուղով: Այս շիճուկը պարունակում է արագ ներթափանցող կորիզայուղեր եւ եթերայուղեր, որոնք հարուստ են վիտամիններով, հակաօքիդիչներով եւ կոլագենի արտադրությունը խթանող կարոտենոիդներով: Ավելի արագ եւ արդյունավետ ներթափանցման համար խորհուրդ ենք տալիս կիրառել այն Նաիրիանի Տոնավորող հեղուկից հետո: Դամասկյան վարդաջրից պատրաստված Տոնավորողը խոնավացնում է մաշկը եւ կարող է փքել ու բացել մաշկի ամենավերին եւ ամենափակ եղջրային թաղանթը (Stratum corneum): Այսպիսով, Տոնավորողի եւ մասուրի կորիզայուղով շիճուկի համատեղ կիրառումը կպարգևի այն, ինչ մեզանից շատերն այդքան ցանկանում են՝ առողջությամբ շողշողացող մաշկ: 

* հղում է Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» պիեսի հայտնի տողերին.

Անունն ի՞նչ է  — այն, որ վարդ ենք մենք անվանում,
Նույնքան անուշ հոտ կունենար այլ անունով:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: