Դեմքի մկանային երիտասարդացում եւ շատ ավելին | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Դեմքի մկանային երիտասարդացում եւ շատ ավելին
26 Մայիս, 2021 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Դեմքի մկանային երիտասարդացում եւ շատ ավելին Անյա Մարկարյանի հետ

Անյան սոց ցանցերում հայտնի է որպես @efirnoesozdanie, հիմնադրել է մեդիտացիայի եւ կանացիության պրակտիկաների  «Зона Света» դպրոցը: Երկարամյա փորձ ունի կոսմետիկայի եւ դրա արդյունաբերության ոլորտում, զբաղվում է յոգայով, բուսակերությամբ, մեդիտացիայով եւ դեմքի գիմնաստիկայով, հրաշալի մայրիկ է, շատ հետաքրքիր զրուցակից, եւ, ի վերջո, Նաիրիանի սիրելի հաճախորդներից: Նրա հետ զրուցում ենք դեմքի երիտասարդացման նոր ուղղություններից եւ տեխնիկաներից:

Ինչպե՞ս Անյան գտավ դեմքի երիտասարդացման իր յուրահատուկ բանաձեւը

Վերջերս Երեւանում այցելել էի կոսմետոլոգի՝ կոսմետիկա ընտրելու համար եւ նա ինձ ասաց՝ իսկ չե՞ք ուզում ձգել ձեր դեմքի այս հատվածը… Ես կտրուկ ասացի, որ ինքնուրույն եմ աշխատում դեմքիս վրա եւ ինքս կձգեմ թե՛ մկաններս, շրթունքներս, եւ գիտեմ բոլոր այդ վարժությունները: Ախ այդ հաջողության պատմությունները… դրանցից հետո մի բաժակ գինի ես խմում եւ հաջորդ առավոտյան մոտավորապես պարզ է, թե ինչ դեմքով ես արթնանալու:

Ինչպես ամեն ինչ սկսվեց

Մոտ 5 տարի առաջ, ծննդաբերությունից հետո, ահավոր նիհարեցի: Միակ բանը, որ կարող էի ինձ ժամանակ առ ժամանակ թույլ տալ, մերսման սեանսներն էին: Դրանցից հետո զգում էի, որ իմ դեմքի մկանների հետ «ինչ-որ մեկն» աշխատել է:

Մի անգամ հարցրի իմ կոսմետոլոգին, թե արդյո՞ք հնարավոր է դեմքի «ֆիտնես»: Շատ լավ իմանալով, որ ակումբի ոչ մի սարքավորում չի կարող մարմինը մշտապես իդեալական պահել: Ի վերջո, հայտնվել են տարբեր ուղղություններ՝ դեմքի բիլդինգ, դեմքի ֆիտնես կամ յոգա: Կոսմետոլոգս մերժողական էր տրամադրված եւ ես հասկանում էի, թե ինչու: Նրա մասնագիտությունն էր պահանջում:

Հետո, երբ արդեն մտերմացել էինք, թեյի սեղանի շուրջ նորից հարցրի՝ միթե՞ իսկապես վարժությունները չեն օգնում դեմքի մկանների երիտասարդացմանը... Ասաց, որ ես իր գլուխը շատ եմ տանում եւ համաձայնեց, այո՛, իհարկե, ազդում են, քանի որ դրանք մկաններ են: Ես ահավոր շատ էի սպասում այդ խոսքերին: Քանի որ այդ ժամանակ տեխնիկաներ չկային, որեւէ համակարգ, չնայած ես զգում էի, որ իմ «ինքնաշեն» վարժություններն ինձ օգնում են:

Հետո դերասանական խոսքի վարպետության դասերի այցելեցի: Մեր դասախոսը փայլող երիտասարդությամբ վաթսունն անց կին էր: Նրա դեմքը քառասնամյա կնոջ դեմք էր հիշեցնում:  Նա մեզ ցույց էր տալիս դեմքի տարբեր վարժություններ, մենք կրկնում էինք: Ես իմ սիրելի թեմայով սկսեցի հարցուփորձ անել նրան: Արդյո՞ք իր մոտ գենետիկական էր դեմքի երիտասարդ տեսքը, թե՞ վարժությունների հետեւանք էր: Սիրելիս, ասաց նա, քո կարծիքով ինչո՞ւ են դերասաններն անում այդ վարժությունները: Նրանք գիտակցում են, որ դրանք ոչ միայն վարպետացնում, այլ նաեւ նպաստում են դեմքի երիտասարդացմանը: Ես վերջնականապես համոզվեցի, որ դեմքի մկանների հետ աշխատանքն արդյունավետ  է:

Ես անում եմ այդ վարժությունները շաբաթական երկու անգամ, ընտրում եմ դրանք իմ զգացողությամբ: Այնպես չէ, որ ունեմ նախընտրած ուսուցիչ, ուղղություն կամ վարժությունների համակարգ: Ես ինքս եմ ուսումնասիրում եմ այդ ամենը:

Թրեյներներից շատերը իրենք են օգտագործում այդ վարժությունները, միշտ շպարված են, եւ տարբեր երիտասարդացնող ներարկումներ են անում, իսկ հետո ասում են, թե դա մկանային վարժությունների արդյունք է: Ես դա պարզ տեսնում եմ, քանի որ երկար տարիներ աշխատել եմ կոսմետիկայի ոլորտում:

Ի՞նչպես համատեղել դեմքի մկանային վարժություններն ու կոսմետիկան

Ես մի որոշ ժամանակ փորձ արեցի եւ առհասարակ հրաժարվեցի կոսմետիկայից, միայն վարժություններ էի անում: Կարող եմ ասել, որ դա հրաշալի է աշխատում, երբ ապրում ես, ասենք, Հանքավանում, Աղվերանում կամ Դիլիջանում, որտեղ օդն ու ջուրը մաքուր է: Այստեղ՝ Երեւանում, ամեն դեպքում, հավելյալ օգնություն է պետք, քանի որ շատ են օդորակիչները, օդը մաքուր չէ...

Զարդասեղանիս շատ սրվակներ չեք գտնի, բայց դրանց մեջ կան Նաիրիանի խնամքի միջոցներ: Օգտագործում եմ Նաիրիանի Գիշերային շիճուկը, Տոնավորող հեղուկը: Ժամանակ առ ժամանակ օգտվում եմ վաղենակի քամուկով Մաքրող քսուքից: Շատ եմ սիրում դրանք եւ համատեղում մկանային վարժությունների եւ որոշակի սննդակարգի հետ: Ես անձամբ դիմակներ էլ եմ պատրաստում, դրանք սննդային են, քանի որ այն, ինչ կարելի է ուտել, կարելի է եւ դեմքին քսել:  Սնունդը նույնպես ահռելի դեր է խաղում, թե ինչ տեսք ունեն դեմքն ու մաշկը: Երբ ի վիճակի եմ հանգիստ քնել եւ սնվել, ապա ամեն ինչ հրաշալի է, հակառակ դեպքում դեմքի մաշկին օգնող միջոցների, շիճուկների կարիք է առաջանում:

Ինչպե՞ս են աշխատում դեմքի մկանները

Դեմքի վրա կան մկաններ, որոնք պետք է լարել, այսինքն՝ ազդել դրանց վրա, որ լարվեն, եւ հակառակը, կան մկաններ, որոնք ցանկալի է թուլացնել: Կան շատ թեթեւ ու հեշտ վարժություններ, օրինակ՝ կարող ենք շրթունքներով երկար փռթկացնել, շարժիչի նման: Այդ ժամանակ բնական ձեւով թուլացնում եւ հանգստացնում ենք դրանք: Դեմքի մկանները թե՛ լարելու, թե՛ թուլացնելու ընթացքում արագանում է արյան հոսքը եւ մաշկի բջիջները սնուցվում են: Համապատասխանաբար, տեղի են ունենում երիտասարդացման պրոցեսներ:

Մկանների հետ աշխատանքի ընթացքում, ինչպես գիտեք, մենք ազատվում ենք լճացած, քարացած խնդիրներից, որոնք կոսմետոլոգները փորձում են քողարկել խնամքի միջոցներով: Վարժությունների շնորհիվ դրանք բնական կերպով հեռանում, մաքրվում են: Մկանները, ամրանալով, ամրացնում են նաեւ մաշկը, պրկում եւ առաձգական դարձնում այն: Մաշկը շատ նուրբ է եւ շատ արագ է ենթարկվում ծերացման գործընթացներին: Օրինակ՝ կանանց մոտ, թեւատակի հատվածում, մաշկը շատ հաճախ սկսում է կախվել տարիքի հետ: Բայց մկանների հետ աշխատանքը փոխում է իրավիճակը: Նույնը եւ դեմքի պարագայում: Երբ էներգիան հոսում է դեպի դեմքը, ծերացման գործընթացները դանդաղում են: Կյանքը շարունակվում է, սնուցման, մաքրման եւ երիտասարդացման շրջափուլերը տեղի են ունենում բնականորեն, եւ դեմքը փայլում է առողջությամբ:

Որքանով են դեմքի ժեստերն ու դիմախաղը օգտակար կամ վնասակար մաշկին

Եթե այնպիսի պլաստիկ վիրահատություններ եք անցել, որոնցից հետո ցանկալի է պահպանել արդյունքը, ապա նույնիսկ սովորական ժպիտը կարող է խնդիր դառնալ: Ուրեմն պետք է չժպտաք: Եթե մարդն իր մարմնի հետ մանիպուլիացիաներով չի զբաղվել, ուրեմն գիմնաստիկայով զբաղվելով նա կարող է իրեն թույլ տալ եւ ժպտալ, եւ արտասվել, եւ բարկանալ, առհասարակ, թույլ տալ, որ զգացմունքներն արտահայտվեն դեմքին: Առհասարակ, զգացմունքները խեղդելը եւ ներսում պահելը շատ վնասակար է, արագացնում է թե՛ ծերացումը, թե՛ հիվանդությունների առաջացման պատճառ կարող է դառնալ: Ժպիտներ պարգեւելը մեր օրերում շա՜տ կարեւոր է:

Բացի այդ, ցանկացած անկեղծ դիմախաղ, տարիների ընթացքում պահպանվելով դեմքի վրա, դառնում է այդ մարդու այցեքարտը: Այդ հետքերով հնարավոր է պարզել, թե ինչպիսին է մարդը: Եթե 60 ամյա կինը մոմե մումիայի տպավորություն է թողնում, նրա անձն առնվազն կասկածելի է: Եթե աշխատում ես քեզ վրա, ոչ միայն արտաքին տեսքի, այլեւ ներքին բովանդակության վրա, հրաշքներ են տեղի ունենում: Եթե կան անհանգստացնող խնդիրներ, կարելի է այցելել օրթոդոնտին, զբաղվել յոգայով կամ գիմնաստիկայով եւ այդպես հանգստացնել մկանները, եթե ժեստերի պատճառով դեմքը լարված է: Մեդիտացիան նույնպես աներեւակայելիորեն վերափոխում եւ երիտասարդացնում է մարդուն:

 

 

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: